Մադրիդում մահացել է իտալական կինեմատոգրաֆիայի աստղ Լյուչիա Բոզեն. Աստղը մահացել է COVID-19-ի հետ կապված հիվանդության պատճառով
Մադրիդում մահացել է իտալական կինեմատոգրաֆիայի աստղ Լյուչիա Բոզեն։ Դերասանուհին կյանքից հեռացել է 89 տարեկան հասակում։
Աստղը մահացել է COVID-19-ի հետ կապված հիվանդության պատճառով, հայտնել է «El Pais» թերթը։ Մասնագետները պնդում են, որ մեծահասակ մարդկանց համար առավել դժվար է պայքարել հիվանդության դեմ, եւ նրանք ռիսկի խմբում են։
Լյուչիա Բոզեն ծնվել է 1931թ.-ի հունվարի 8-ին Միլանում։ Երիտասարդության տարիներին նա աշխատել է Միլանի հացի փռում, սակայն 1947թ.-ին նրա կյանքը կտրականապես փոխվել է։ Լյուչիան հաղթանակ է տարել «Միսս Իտալիա» գեղեցկության մրցույթում։ 1950թ.-ին տեղի է ունեցել Բոզեի կինոդեբյուտը։ Նա նկարահանվել է դե Սանտիսի «Չկա խաղաղություն ձիթենիների տակ» ֆիլմում։ Դրանից հետո դերասանուհին խաղացել է «Մի սիրո ժամանակագրություն», «Հռոմը ժամը 11-ին», «Առանց կամելիաների տիկինը», «Հեծանվորդի մահը», «Սա կոչվում է լուսաբաց» եւ այլ ժապավեններում։
1956թ.-ին գեղեցկուհին ամուսնացել է իսպանացի մատադոր Լուիս Միգել Դոմինգինի հետ, թողել կարիերան՝ իրեն նվիրելով անուսնուն ու երեխաներին։ Բոզեն կինո վերադարձել է 60-ականների վերջին։ Այդ ժամանակների նրա ամենավառ աշխատանքբերից մեկը Ֆեդերիկո Ֆելինիի «Սատիրիկոն» ֆիլմն է։