ԱՄՆ-ում բանտարկյալներին ազատում են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով
ԱՄՆ-ում տեղական իշխանությունները հազարավոր բանտարկյալների են ազատում՝ փորձելով կանխել ամերիկյան բանտերում կորոնավիրուսի բռնկումը, հայտնում է Wall Street Journal պարբերականը:
Կալիֆոռնիայի, Նյու Յորքի, Տեխասի եւ ոչ պակաս եւս 10 նահանգների բանտերն ազատում են ոչ շատ ծանր հանցագործություններ կատարած բանտարկյալներին, ինչպես նաեւ տարեցներին կամ հիվանդներին՝ կորոնավիրուսի տարածման մտավախություն ունենալով:
«Մենք դռները չենք բացում եւ թույլ չենք տալիս բանտարկյալներին հեռանալ: Մենք որոնում ենք ոչ վտանգավոր հանցագործներին, որոնք ոչ շատ ծանր հանցագործություններ են կատարել, եւ դիտարկում ենք բանտում առողջության համար բարձր ռիսկի դեպքերը»,- հայտարարել է Օհայո նահանգի Կայահոգա շրջանային դատարանի վարչական հարցերով դատավոր Բրենդան Շիհանը:
Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում շատ բանտերի աշխատակիցներ արգելում են տեսակցությունները, սահմանափակում են բանտարկյալների տեղաշարժը եւ ստուգում են աշխատակիցներին:
Հաղորդվում է, որ Փենսիլվանիայում, Միչիգանում, Նյու Յորքում, Վաշինգտոնում եւ Կոլումբիա շրջանում ուղղիչ հաստատությունների աշխատակիցները կորոնավիրուսով են վարակվել, ինչը հանգեցրել է բանտարկյալների շրջանում կարանտին մտցնելուն: Ավելի քան 30 բանտարկյալ է վարակվել Նյու Յորք նահանգում: Սակայն առայժմ չի հաղորդվել հիվանդության շատ խոշոր բռնկումների մասին:
Ջոնս Հոփքինս համալսարանը հայտնել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը անցել է 31 հազարից, 390 մարդ մահացել է: ԱՄՆ-ն աշխարհում հիվանդության թվով երրորդն է Չինաստանից եւ Իտալիայից հետո:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19 նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկումը համավարակ էր ճանաչել: Աշխարհում վարակված է արդեն ավելի քան 292 հազար մարդ, 12,7 հազարից ավելին մահացել է: