Նոր կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանին և Հյուսիսային Կորեային օգնելու ԱՄՆ պատրաստակամությունը պահպանվում է
Նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում Իրանին, Հյուսիսային Կորեային եւ մյուս երկրներին օգնություն ցուցաբերելու ամերիկյան վարչակազմի պատրաստակամությունը պահպանվում է: Սա երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այո՛, շատ երկրների: Եթե նրանք օգնության կարիք ունեն, ապա մենք նրանց օգնություն կտրամադրենք: Ոչ մեկը չունի այն, ինչը մենք ունենք, հատկապես [նոր կորոնավիրուսով վարակման ախտորոշման] նոր թեստերի հայտնվելու լույսի ներքո: Հյուսիսային Կորեային, Իրանին, ի դեպ՝ նաեւ մյուսներին»,- ասել է ամերիկացի առաջնորդը: Թրամփը պատասխանել է այն հարցին, թե ինքն իսկապե՞ս Հյուսիսային Կորեայի ղեկավարությանն ուղերձ է հղել, որում ազդարարել է նոր կորոնավիրուսի բռնկման հետ կապված Փհենյանին օժանդակություն ցուցաբերելու Վաշինգտոնի պատրաստակամության մասին:
Ընդ որում՝ վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարը նաեւ նշել է, որ ամերիկյան իշխանությունները պատրաստ կլինեն անհրաժեշտության դեպքում Իրանին եւ Հյուսիսային Կորեային տրամադրել կորոնավիրուսի հայտնաբերման էքսպրես թեստեր, որոնք հիմա ստեղծում են ԱՄՆ մասնագետները: «Իրանին, Հյուսիսային Կորեային, շատ այլ երկրների…Մենք պատրաստ ենք օգնել: Որպես օրինակ՝ կա նոր թեստ: Աշխարհում ոչ մեկը չունի այդպիսի թեստ: Դա մշակվում է մեր կողմից: Կարծում եմ, որ շուտով այն հավանություն կստանա: Եթե դա ունենանք, ապա կկարողանանք օգնել շատ երկրների»,- հայտարարել է Թրամփը