Թրամփն Ազգային գվարդիան կտեղակայի Կալիֆոռնիա, Նյու Յորք և Վաշինգտոն նահանգներում
Միացյալ Նահանգների իշխանությունները փաստաթղթեր են ստորագրել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով Ազգային գվարդիան Նյու Յորք, Կալիֆոռնիա եւ Վաշինգտոն նահանգներում տեղակայելու մասին: Այս մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նյու Յորք, Կալիֆոռնիա եւ Վաշինգտոն նահանգները վստահ են, որ Ազգային գվարդիայի ուժերը կօգնեն այս ճգնաժամի դեմ ավելի արդյունավետորեն պայքարել: Մենք ստորագրել ենք այն [փաստաթղթերը], ինչն անհրաժեշտ է, այն ուժի մեջ է մտել,- ասել է նա: - Աշխատում ենք մյուս նահանգների հետ: Կառավարությունը ԱՄՆ Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության հետ (FEMA) վիրուսը կանգնեցնելու համար 100 տոկոսով կփակի Ազգային գվարդիայի ստորաբաժանումների տեղակայման հետ կապված ծախսերը»:
«Ես խոսել եմ բոլոր նահանգապետերի հետ, նրանք ուրախ են այն բանի համար, ինչը մենք անում ենք: Դա նրանց առավելագույն ճկունություն կտա վիրուսի դեմ պայքարում գվարդիային ներգրավելու գործում, ես չեմ մտահոգվում ծախսերի մասին»,- հավելել է Թրամփը:
FEMA-ի ղեկավար Փիթ Գեյնորը, որը նույնպես մասնակցել է ճեպազրույցին, շեշտել է, որ ոչ մի խոսք չի գնում երկրում ռազմական դրություն մտցնելու մասին: Նրա խոսքով՝ Կալիֆոռնիայում, Նյու Յորքում եւ Վաշինգտոնում տեղակայվող Ազգային գվարդիայի ստորաբաժանումները լինելու են տվյալ նահանգների նահանգապետերի ենթակայության տակ, այլ ոչ թե դաշնային կառավարության: «Սա ռազմական դրություն չէ»,- նշել է Գեյնորը:
Ջոնս Հոփքինս համալսարանի տեղեկություններով, որը հաշվարկներ է կատարում դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 32 հազար դեպք: Մահացել է 409 մարդ: