Ամերիկացի ծրագրավորողները ներկայացրել են սարք, որը հետևում է հասարակական վայրերում հազին և փռշտոցին
Մասաչուսեթսի համալսարանից հետազոտողները ստեղծել են արհեստական ինտելեկտ, որը լսում է հազի և փռշտոցի ձայները, որպեսզի գնահատի, թե հասարակական վայրերում մարդկանց որ տոկոսն է տառապում շնչառական հիվանություններով, գրում է Planet Today-ը:
FluSense անունով սարքն ի սկզբանե թեստավորվել է ութ ամսվա ընթացքում համալսարանական քաղաքի կլինիկայի չորս սպասասրահներում:
Ի լրումն ոչ խոսքային աուդիոսեմփլներին՝ FluSense-ը նաև հագեցած է ջերմախցիկով բարձր ջերմաստիճանով մարդկանց սքանավորելու համար: Հեղինակների խոսքով՝ սարքը նախատեսված է ոչ միայն հիվանդության առանձին դեպքերն առանձնացնելու, այլ նաև բնակչության մակարդակում միտումները բացահայտելու համար, որպեսզի տեսնի՝ զարգանո՞ւմ է արդյոք ինչ-որ գործընթաց, որը, հնարավոր է, դեռևս չի հայտնաբերվել բժշկական փորձարկումների ընթացքում: Այսինքն՝ հասարակական վայրերից հազի և փռշտոցի ձայներ լսելով՝ գիտնականները պլանավորում են կանխատեսել համաճարակաբանական միտումները:
Ի սկզբանե սարքը մշակվել էր սեզոնային հարբուխի և այլ շնչառական հիվանդությունների պոտենցիալ տարածումն ուսումնասիրելու համար: Թեստավորման ընթացքում FluSense-ը վերլուծել է ավելի քան 21 միլիոն ոչ խոսքային աուդիոսեմփլ և 350 հազար ջերմատեսային պատկեր: Արհեստական ինտելեկտն օգտագործել է աուդիոսեմփլները տարբեր սպասասրահներում բնակչության թիվը գնահատելու համար, այնուհետև հաշվել է մարդկանց տոկոսը, որոնք, հնարավոր է, ունեցել են շնչառական հիվանդություն հազի, փռշտոցի և բարձր ջեմաստիճանի հիման վրա: