Ֆրանսիայի Ազգային ժողովը հաստատել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին օրինագիծը
Կիրակի Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ներքին պալատը) առաջին ընթերցմամբ հաստատել է երկրում արտակարգ սանիտարական դրություն սահմանելու մասին օրինագիծը, որը ենթադրում է անվտանգության հատուկ միջոցառումներ պետության կողմից կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Le Parisien-ին:
Փաստաթուղթը նախ ենթադրում է, որ կառավարությունը երկու շաբաթով կօժտվի հասարակական ազատությունները սահմանափակելու իրավունքով, այդ թվում՝ զանգվածային ինքնամեկուսացման ռեժիմի հաշվին: Կառավարությունը նաեւ կարող է իրավունք ստանալ սահմանելու մի շարք միջոցներ հատուկ որոշումներ կայացնելու միջոցով՝ չխորհրդակցելով խորհրդարանի հետ: Այդ քայլերը կարող են վերաբերել ձեռնարկությունների ֆինանսական օգնությանը, ինչպես նաեւ ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի հետաձգմանը, որոնց առաջին փուլը կարացել է մարտի 15-ին:
Նաեւ ենթադրվում է մեծացնել ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար տուգանքի չափը. եթե այժմ առանց հարգելի պատճառի եւ վերջնակետի նշումով գրության փողոց դուրս գալը պատժվում է 135 եվրո տուգանքով, ապա այդ կարգն առաջին խախտումից 15-օրյա ժամկետում կրկնակի խախտելու համար անձը կտուգանվի 1.5 հազ. եվրոյի չափով: Բացի այդ, 1 ամսվա ընթացքում չորրորդ խախտումը կենթադրի 3.7 հազար եվրո տուգանք, իսկ խախտող անցը, հնարավոր է, կկալանավորվի մինչեւ 6 ամիս ժամկետով եւ ստիպված կլինի կատարել հասարակական աշխատանքներ:
Կիրակի օրինագիծը կքննվի Սենատում՝ խորհրդարանի վերին պալատում:
Ֆրանսիայում մարտի 21-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակված է 14 459 մարդ, մահվան ելքով դեպքերի թիվը հասել է 562-ի: Մարտի 17-ից երկրում գործում են քաղաքացիների տեղաշարժմանն ուղղված սահմանափակումներ: Քաղաքացիները պետք է նվազագույնի հասցնեն փողոցներով տեղաշարժվելը: Անհետաձգելի գործերով դուրս գալու համար պահանջվում է ունենալ լրացված դիմում, որում նշված է տնից դուրս գալու նպատակն ու նշանակետը: