Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները պետք է նախազգուշացնեին կորոնավիրուսի հետևանքների մասին 2-3 ամիս առաջ
Չինաստանի իշխանությունները պետք է նախազգուշացնեին ԱՄՆ-ին կորոնավիրուսի տարածման հետևանքների մասին 2-3 ամիս առաջ, որպեսզի Ամերիկայի կառավարությունը կարողանար նախապես որոշել համապատասխան քայլերը: Շաբաթ այդ կարծիքն է արտահայտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Սպիտակ տանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես շատ հարգում եմ այդ երկիրը (Չինաստանը), նրա առաջնորդին, որն իմ ընկերն է: Ես կցանկանայի, որ նրանք հայտնեին մեզ այդ մասին ավելի վաղ: Մենք ոչինչ չգիտեինք մինչև կորոնավիրուսի տարածումը»,-նշել է երկրի ղեկավարը:
«Հրաշալի կլիներ, եթե մենք ունենայինք ևս 2-3 ամիս… Մենք չենք ունեցել այդ ժամանակը: Չինաստանը շատ փակ երկիր է, ցավոք»,-հավելել է Թրամփը:
Նրա խոսքով՝ Պեկինի կողմից հիվանդության մասին ժամանակին նախազգուշացումը թույլ կտար ամերիկացի բժիշկներին նախապատրաստվել երկրում վարակի տարածմանը: Այնուհետև պատասխանելով հարցին, թե ինչու է նա հունվարի 24-ին նշել, որ կորոնավիրուսի մասին չինական կողմի հետ բանակցությունները բաց էին, նախագահն ասել է. «Որովհետև դա ճիշտ է այդ պահին բանակցությունները բաց էին»,- պարզաբանել է ԱՄՆ առաջնորդը: