«Աէրոֆլոտը» կասեցրել է չվերթները դեպի Ադրբեջան, Հնդկաստան, Շվեդիա, Բուլղարիա, Խորվաթիա
Կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին ռուսական խոշորագույն «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը դադարեցնում է չվերթները դեպի մի շարք երկրներ, ներառյալ՝ Ադրբեջանը, Հնդկաստանը, Շվեդիան, Ֆինլանդիան, Բուլղարիան, Խորվաթիան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:
Ժամանակավորապես կդադարեցվեն թռիչքները Մոսկվայից եւ հետադարձ ուղղությամբ դեպի Դելի՝ մարտի 22-28-ը, Հելսինկի՝ մարտի 23-ից ապրիլի 2-ը, Ստոքհոլմ՝ մարտի 23-ից ապրիլի 17-ը, Բաքու՝ մարտի 29-ից ապրիլի 30-ը, Զագրեբ՝ մարտի 24-ից ապրիլի 19-ը, Սոֆիա՝ մարտի 27-ից ապրիլի 17-ը, Աթենք՝ մարտի 24-ից ապրիլի 18-ը:
Ավիաընկերությունը շարունակում է կատարել թռիչքներ Մոսկվայից դեպի Եվրոպայի հետեւյալ քաղաքներ. Բրյուսել, Լոնդոն, Բեռլին, Դուբլին, Մադրիդ, Հռոմ, Ամստերդամ, Բուխարեստ, Ժնեւ, Փարիզ:
Ավիափոխադրողը կկրճատի չվերթները դեպի Բեռլին, Բրյուսել, Ամստերդամ:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անվանել էր նոր տիպի կորոնավիրուսի բռնկումը որպես պանդեմիա: Վերջին տվյալներով՝ ամբողջ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 266 հազարը: Հիվանդների զգալի մասը բուժվել է, սակայն շուրջ 11 հազար մարդ է մահացել: Ռուսաստանում ներկայումս գրանցված է վարակման 306 դեպք: Հիվանդացածների մի մասն արդեն առողջացել է:
Կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին Ռուսաստանն ու մի շարք այլ երկրներ զգալիորեն կրճատել են ավիահաղորդակցությունը: Ավիաընկերությունները ստիպված էին չեղարկել մեծաթիվ չվերթներ: Բացի այդ, կասեցվել է երկաթուղային հաղորդակցումը մի շարք պետությունների հետ, որոնք այնքան էլ բարենպաստ չեն համաճարակաբանական տեսանկյունից: