Թրամփին զայրացրել է կորոնավիրուսի մասին հարց տված լրագրողը
ԱՄՆ նախագահին զայրացրել է NBC հեռուստաալիքի լրագրող Փիթեր Ալեքսանդերի հարցը: Նա Թրամփին հարցրել է, թե արդյոք նա ամերիկացիներին «կեղծ հույսեր» չի տալիս՝ գովազդելով կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը:
«Ի՞նչ կասեք խուճապի մատնված ամերիկացիներին»,- դիմել է նա նախագահին:
«Ես կասեմ, որ Դուք սարսափելի լրագրող եք: Սա այն է, ինչ ես կասեմ»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը:
Նախագահը շարունակել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ Ալեքսանդերն իրեն «զզվելի հարց» է տվել:
«Դուք սենսացիա եք անում: Նույնը վերաբերում է NBC-ին և Comcast-ին… Դա իսկապես վատ լրագրություն է: Եվ Դուք սենսացիա որոնելու փոխարեն պետք է վերադառնաք լրագրությանը»,- հավելել է Թրամփը:
Դրանից հետո Սպիտակ տանը CNN-ի լրագրող Քեյթլան Քոլինզը հարցրել է Թրամփին, թե արդյոք ընդունելի է քննադատել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին պանդեմիայի ճգնաժամի շրջանում:
«Դուք Ձեզ դրսեւորում եք որպես ռազմական շրջանի նախագահ եւ ղեկավարում եք երկիրը պանդեմիայի ժամանակ: Դուք կարծում եք, թե ընդունելի՞ են այդ հարձակումները ԶԼՄ-ների վրա այն ժամանակ, երբ երկիրը պանդեմիայի ճգնաժամի մեջ է գտնվում»,- դիմել է նա Թրամփին:
Ի պատասխան Թրամփն ասել է, որ «նա վատ լրագրող է»: «Միավորվելն ավելի դժվար է, երբ ունենք նման անազնիվ լրագրողներ»,- նշել է նա: