Կորոնավիրուսով վարակվածներ կան տարբեր հիվանդանոցներում. Արսեն Թորոսյան
Ուզում եմ տեղեկացնել, որ կորոնավիորսի հաստատված դեպքերի աճ ունենք։ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը միակ տեղը չէ այլեւս, որտեղ մեր քաղաքացիները բուժում են ստանում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մենք ունենք ծավալված 5 բուժհաստատություն, եւս երկուսում՝ մարզային, կան ավելի քիչ թվով պացիենտներ։ Դա շարունակական է լինելու եւ գուցե այդ հիվանդանոցների թիվն աճի։ Իհարկե ընթացքում հնարավոր են ռազմավարական փոփոխություններ, թե ինչքան ենք ծանրաբեռնելու հիվանդանոցները պացիենտներով, բայց փոփոխության վերաբերյալ կտեղեկացնեմ։ Ամեն դեպքում այլ հիվանդանոցներ գնում են, գրեթե ասիմպտոմ պացիենտները, իսկ այն քաղաքացիները, որոնք ունեն թեթեւ սիմտոմներ, շարունակում են մնալ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում»։
Նախարարի խոսքով՝ այս պահին ունենք 600–ից ավելի մեկուսացված անձինք, Հայաստանի տարբեր մարզերում, բայց համարում է, որ այդ ռեզերվը մոտենում է իր ավարտին. «Մենք պետք է արդեն մեր կանխարգելիչ գործողությունները պայմանավորենք ինքնամեկուսացումներով։ Փորձը ցույց է տվել, որ մեր հարգելի քաղաքացիները միշտ չէ, որ գիտակցելով վտանգը հետամուտ են եղել այդ ռեժիմի պահպանմանը, ինչն անհրաժեշտ է հենց իրենց, իրենց հարազատների եւ մնացած մեր բոլոր քաղաքացիների համար»։