ԱՄՆ պատժամիջոցները չեն տարածվում կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանին օգնելու վրա. Պոմպեո
ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցներն ուղղված չեն Թեհրանին հումանիտար օգնություն տրամադրելու դեմ երկրում նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ պատասխանելով լրագրողներին հարցերին Սպիտակ տանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրան հարցրել են՝ պատրաստվում է արդյոք ԱՄՆ-ը մեղմել հակաիրանական սահմանափակումները, որպեսզի Թեհրանը կարողանա արդյունավետորեն պայքարել վարակի տարածման դեմ: Պոմպեոն հայտարարել է, որ հումանիտար օգնություն ցուցաբերելու եւ ֆինանսական գործողությունների համար ուղիները բաց են համաճարակին հակազդելու նպատակով: «Մենք դրանք չենք սահմանափակել: Իրան ուղարկվող դեղամիջոցների վրա նույնպես որեւէ պատժամիջոց չի տարածվում: Հումանիտար օգնությունը պատժամիջոցների չի ենթարկվում»,-պնդել է ամերիկյան դիվանագիտության առաջնորդը:
Ընդ որում՝ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ բազմաթիվ բանկեր չեն համաձայնվում մասնակցել Իրանին հումանիտար եւ բժշկական օգնություն տրամադրելու դրամային գործողություններում: Տրանսպորտային ընկերությունները հրաժարվում են տեղափոխել բեռներ, իսկ ապահովագրականները՝ փոխհատուցել դրանք:
Իրանում, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, որն իրականացնում է հաշվարկներ երկրի իշխանությունների, ԱՀԿ-ի եւ այլ պաշտոնական աղբյուրների տրամադրած տեղեկությունների հիման վրա, Իրանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը հասել են 19644-ի, մահացել է առնվազն 1433 մարդ: