Ռուսաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանից ժամանած քաղաքացու մոտ
ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-2019-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում»,- գրել է Աննա Նաղդալյանը։
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք է հայտնաբերվել, որոնցից մեկը՝ Հայաստանից ժամանած քաղաքացու մոտ:
Ինչպես հաղորդում է rbc.ru-ն՝ վկայակոչելով Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի մամլո հաղորդագրությունը, հայտնի է, որ վերջինս ներկա պահին բուժում է ստանում Սոչիի հիվանդանոցում, գտնվում է մեկսուսացված վերակենդանացման բաժանմունքում:
«Այդ մարդը Հայաստանից է ժամանել: Հիվանդների հետ շփված մարդկանց շրջանակը Կրասնոդարի երկրամասի տարածքում պարզվել է: Բոլորը, ում հետ նրանք շփվել են, այժմ մեկուսացման մեջ են գտնվում՝ բժիշկների վերահսկողության տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Տեղեկությունների համաձայն՝ երկու հիվանդներն էլ մինչև 25 տարեկան են: Նշվում է, որ մյուս հիվանդը վարակվել է ֆրանսիական Կուրշավել առողջարանում հանգստանալիս, իսկ Հայաստանից մեկնած քաղաքացին շփվել է կորոնավիրուսով վարակված հարազատների հետ: