Թրամփը կորոնավիրուսի համավարակի հարցում Չինաստանին է մեղադրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի համավարակի հարցում Չինաստանին է մեղադրել։ «Աշխարհը շատ մեծ գին է վճրում այն բանի համար, ինչ նրանք արել են»,- ասել է Թրամփը՝ հղում կատարելով իր պնդումներին այն մասին, որ չինացի պաշտոնատար անձինք կորոնավիրուսի բռնկման մասին ոչ լիարժեք տեղեկատվություն են ներկայացրել այն բանից հետո, երբ վարակը Չինաստանում սկսվել է։ «Այն կարելի էր կանգնեցնել այնտեղ, որտեղից եկել է, Չինաստանում»,- Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում ասել է Թրամփը։
Նրա խոսքերով՝ ամերիկյան պաշտոնյաները ավելի արագ կարող էին գործել, թե Չինաստանի կառավարությունը ամբողջությամբ տար տեղեկատվությունը բռնկման մասին, որը սկսվել էր Ուհան քաղաքում։
«Շատ ավելի լավ կլիներ, եթե մենք այդ մասին մի քանի ամիս առաջ իմանայինք»,- ասել է նա, հայտնում է CNBC-ը։
Երկու ամիս առաջ Թրամփը բարձր էր գնահատել Չինաստանի արձագանքը կորոնավիրուսին՝ հայտարարելով, որ երկիրը «մեծ ջանքեր է գործադրել» վիրուսի զսպման համար, եւ նշելով, որ «Միացյալ Նահանգները բարձր է գնահատում նրանց ջանքերն ու թափանցիկությունը»։