«Հայաստանը՝ քաղաքական անկախությունից դեպի Իսրայելի հետնաբակ»․ իրանական Mehr գործակալություն
«Հայաստանը պետք է սովորի այն երկրների փորձով, որոնք իրենց քաղաքական կայունությունը կապում են սիոնիստական ռեժիմի անվտանգության ու շահերի հետ»։ Այս մասին ասվում է իրանական Mehr գործակալության վերլուծական հոդվածում, որը ներկայացնում ենք որոշ կրճատումներով․
«Քանի որ գրավյալ տարածքներում արաբների եւ սիոնիստական ռեժիմի միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացը, այսպես կոչված, «դարի գործարքի» իրականացման նախադրյալներից մեկն է, Արեւմտյան Ասիայի սահմաններից այն կողմ գտնվող քաղաքական աշխարհագրությունը նույնպես ծառայում է որպես սիոնիստական ռեժիմի հետնաբակ՝ իր արտաքին անվտանգությունը ապահովելու համար, քաղաքական եւ տնտեսական ազդեցության հետ մեկտեղ։
«Իսրայելի անվտանգության գործակալությունները նույնպես ընդգծում են, որ Իսրայելի ազդեցությունը պետք է տարածվի Արեւմտյան Ասիայի սահմաններից այն կողմ տարբեր ոլորտներում՝ ոչ միայն սիոնիստական նախագծերի իրականացման, այլեւ իսլամական եւ արաբական աշխարհի մանեւրելու ունակությունները նվազեցնելու համար։
Թեեւ Իսրայելը բախվել է որոշ դժվարությունների հետ իր քաղաքական իշխանությունը ապահովելու համար տնտեսական խնդիրներով մի շարք երկրների հետ հարաբերությունների բարելավման գործում, գրավյալ Պաղեստինում Հայաստանի դեսպանություն բացելու բանակցությունները ցույց են տալիս, որ այդ ջանքերը վերսկսվել են։
Բանն այն է, որ Հայաստանը որոշել է մարտի վերջին իր դեսպանությունը բացել գրավյալ պաղեստինյան տարածքում։ Գրավյալ Պաղեստին դեսպան ուղարկելու պաշտոնական որոշումն ընդունվել է ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տան այն ժամանակվա խորհրդականի (Ջոն Բոլթոնի-խմբ․) Երեւան այցից հետո։ Այնուամենայնիվ, Հայաստանը 2017թ․ դեկտեմբերին Քուդսը (Երուսաղեմը-խմբ․) Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն դեմ է հանդես եկել, այդ պատճառով, հասկանալի չէ՝ կհամաձայնի՞ արդյոք Թել Ավիվը Քուդսում հայկական դեսպանության բացմանը։
Հնարավոր է, Թել Ավիվի հետ մտերիմ հարաբերությունները կարող են որոշ ժամանակ բավարարել Երեւանի մի քանի տնտեսական եւ անվտանգության պահանջարկները, սակայն Հայաստանի կառավարությունը նաեւ պետք է մտածի այդ հարաբերությունների հետեւանքների մասին, առավել եւս, որ Իսրայելը մինչ այժմ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Այսպիսով, ակնհայտ է, որ Իսրայելը իր հարաբերություններում բարոյական եւ մարդասիրական դատողություններով չի առաջնորդվում։
Նայելով Ադրբեջանական Հանրապետության եւ Իսրայելի հարաբերություններին՝ Հայաստանի կառավարությունը պետք է հասկանա, թե ինչպես է Մոսադի ազդեցությունը խափանել երկրի անվտանգությունը։ Արդյունքում՝ Քուդսում դեսպանության բացումը սպառնալիք կդառնա Հայաստանի քաղաքական եւ ազգային անվտանգության համար։
Երկրների տարածքային ամբողջականությունը եւ նրանց ազգային անկախությունը հարգելու Թեհրանի գաղափարները պետք է ուշադրության արժանանան, առավել եւս, որ Իրանի տրանզիտային երթուղին Հայաստանի հետ բիզնես վարելու միակ միջոցն է։ Բացի այդ, Հայաստանի համար անհրաժեշտ գազի մեծ քանակը Իրանն է մատակարարում։
Մյուս կողմից, Ռուսաստանն, անկասկած, (Իսրայելի) անվտանգությանն ու տնտեսական ազդեցությանը նպաստելու համար Հայաստանին օգտագործելու գաղափարի դեմ հանդես կգա։ Նա արդեն կտրուկ քննադատել է Վրաստանին եւ Ադրբեջանին զենք մատակարարելու Իսրայելի գործարքը»,- գրում են հոդվածի հեղինակները։