ԱՄՆ իշխանությունները կդադարեցնեն անօրինական միգրանտների հետապնդումը կորոնավիրուսի բռնկման ընթացքում
ԱՄՆ միգրացիոն իշխանությունները ժամանակավորապես կդադարեցնեն երկրում ապօրինի միգրանտների հետապնդումն ու կալանավորումը` հետագա արտաքսման համար, որպեսզի նրանք չխուսափեն դիմել բժշկական օգնության նոր կորոնավիրուսի տարածման պայմաններում, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով The Wasington Post-ը:
Այդ տվյալների համաձայն` ԱՄՆ Ներքին անվտանգության անվտանգության նախարարությանը կից միգրացիոն մաքսային ծառայության ներկայացուցիչները կոնգրեսականներին ծանուցում են ուղարկել այն մասին, որ իրենք այս պահին «հետաձգում են խախտողների ձերբակալման օպերացիաները», քանի որ «նրանց հիմնական գերակայությունն այժմ կյանքերի փրկությանն ու հանրային անվտանգության պաշտպանությանն ուղղված գործունեությունն է»: «COVID-19-ի հետ կապված ճգնաժամի ժամանակ գերատեսչությունը բժշկական հաստատություններում եւ դրանց մերձակայքում գտնվող անձանց ձերբակալման օպերացիաներ չի իրականացնի»,- նշվում է պարբերականում` վկայակոչելով փաստաթղթի տեքստը: «Այնպիսի իրավիճակ չպետք է լինի, որպեսզի մարդիկ խուսափեն դիմել բժշկական օգնության` միգրացիոն իշխանությունների կողմից ձերբակալվելու վախի պատճառով»,- համոզված են գերատեսչությունում:
Նրանք պարզաբանել են, որ ձերբակալություններ կիրականացվեն միայն «ամենածայրահեղ դեպքերում», երբ խոսքը երկրից վտանգավոր հանցագործների արտաքսման մասին է:
Ըստ Ջոնց Հոփկինսի համալսարանի, որը հաշվարկներ է կատարում, հիմնվելով դաշնային եւ նահանգային իշխանությունների տվյալների վրա, երկրում վարակվածների թիվը գերազանցել է 7.7 հազարը, մահացել է առնվազն 118 մարդ: