Թրամփը պատմել է կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սննդամթերքների եւ դեղամիջոցների վերահսկման վարչությանը (FDA) հանձնարարել է հավանություն տալ այն դեղամիջոցներին, որոնք կարող են օգնել նոր կորոնավիրուսի բուժման գործում, ներառյալ՝ մալարիայի դեմ դեղամիջոցին (Hydroxychloroquine), հայտնում է Washington Times-ը։
Նրա խոսքերով՝ հիդրոքսիքլորոխինը «շատ հուսադրող» ազդեցություն է ունեցել կորոնավիրուսով հիվանդ պացիենտների վրա եւ «ոչ մեկին չի սպանի», քանի որ այն մալարիայի դեմ շատ լավ դեղամիջոց է։
FDA-ի «օրհնությամբ» այժմ դեղամիջոցը կարելի է դեղատոմսով ներարկել կորոնավիրուսով վարակվածներին։
«Մենք դեղամիջոցը համարյա անմիջապես կարող ենք հասանելի դարձնել»,- ասել է Թրամփը։ Նա նշել է, որ դա տարածված դեղամիջոց է եւ շուտով հասանելի կլինի կորոնավիրուսի դեմ «նշանակված օգտագործման» համար։
Նա նաեւ հայտնել է մեկ այլ դեղամիջոցի՝ Gilead Sciences ընկերության կողմից արտադրվող ռեմդեսիվիրի եւ այլընտրանքային դեղամիջոցներ որոնելու Regeneron Pharmaceuticals-ի աշխատանքի մասին։
Հիդրոքսիքլորոխինը օգտագործվում է մալարիայի եւ աուտոիմունային հիվանդությունների բուժման համար։ Չինաստանի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների բժիշկները փորձնական օգտագործել են դեղամիջոցը COVID-19-ով վարակվածության դեպքերում, սակայն դրա արդյունավետությունը հաստատող բավարար կլինիկական տվյալներ դեռեւս չկան, նշում է CNN-ը։
Ռեմդեսիվիրը փորձնական հակավիրուսային դեղամիջոց է, որն օգտագործվում է վիրուսների տարբեր ընտանիքների, այդ թվում՝ կորոնավիրուսների եւ Էբոլայի տենդի դեմ։ ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներով՝ այդ դեղամիջոցն արդեն նոր կորոնավիրուս ունեցող մեծահասակների վրա թեսթավորվում է Նեբրասկա նահանգի համալսարանի բժշկական կենտրոնում։