Ադրբեջանը հայտարարել է նավթային նոր հանքատեղի հայտնաբերման մասին
Ադրբեջանի Պետնավթընկերությունը (SOCAR) եւ նորվեգական Equinor-ը հաստատել են Բաքվից 120 կմ դեպի արեւելք` Կասպից ծովի ադրբեջանական հատվածում հանքատեղի հայտնաբերումը: Այս մասին հայտնում է Report-ը:
Հանքատեղը կրում է «Ղարաբաղ» բազմանշանակ անվանումը: Նախնական գնահատականներով` հանքատեղի երկրաբանական պաշարները գերազանցում են 60 միլիոն տոննա նավթը:
Ըստ ստացված տեղեկությունների` հանքատեղում առաջին գնահատիչ ճեղքվածքի հորատման աշխատանքները սկսվել էին 2019 թվականի դեկտեմբերի 23-ին: Ճեղքը հորատվել է Caspian Drilling Company-ի (CDC) կողմից` լողացող հորատման սարքի օգնությամբ 180 մ խորության վրա: Հանքավայրի արդյունավետ շերտերը գտնվում են 3.4 կմ խորության վրա:
Նշվում է, որ SOCAR-ը եւ Equinor-ը (նախկինում` Statoil) համագործակցում են 1994 թվականից մի շարք կարեւոր նախագծերի շրջանակներում, այդ թվում նաեւ` ԱՉԳ-ի մշակման նախագծի: