Երևանի քաղաքապետարանը խոստովանել է բյուջեի կատարման ձախողումը
Երևանի բյուջեի ծախսային մասի 94 մլրդ 690 մլն դրամից կատարվել է միայն 66 մլրդ 760 մլն դրամը, այսինքն՝ 70,5%-ը: Այս մասին մարտի 19-ին Երևանի Ավագանու խորհրդի նիստում խոստովանեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով բյուջեի կատարման մասին զեկույցը:
Նա հավելեց, որ դպրոցների և այլ կրթական հաստատությունների վերանորոգման համար նախատեսված ծախսային մասի՝ նախատեսված ավելի քան 1 մլրդ դրամից կատարվել է 250 մլն-ը: «Ոռոգման համակարգի արդիականացման համար նախատեսված ավելի քան 177 մլն դրամից կատարվել է 50 մլն դրամը, այսինքն՝ 28%-ը: Տուրիզմի զարգացման համար նախատեսված 132 մլն դրամից կատարվել է 20 մլն-ը, այսինքն՝ 15%-ը: Նոր հետիոտնային անցումների ներդրման աշխատանքների համար բյուջեի կատարումը կազմել է 22%: Առողջապահության ոլորտում բյուջեի կատարումը կազմել է 78%, շրջակա միջավայրի ոլորտում՝ 68%, բնակարանների կառուցման և կոմունալ ծառայությունների ոլորտում՝ 61%»,- նշեց Սարգսյանը՝ ներկայացնելով ձախողված ցուցանիշները:
Նա երևանցիներին վստահեցրեց, որ «լուսավոր ապագա» է սպասվում: Նրա խոսքով՝ վերելակների փոխարինման պիլոտային ծրագիրը շարունակվում է, 2020 թվականին կմեծանա բժշկական և կրթական հաստատությունների աջակցումը, կիրականացվեն նոր ծրագրեր ճանապարհային աշխատանքների ոլորտում:
Իր հերթին, առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հավելեց, որ այս տարի մանկապարտեզների համար նախատեսված ծախսային մասը կմեծանա 1 մլրդ դրամով, ինչը թույլ կտա 28 նման հաստատություններում կապիտալ վերանորոգում կատարել:
Ինչ վերաբերում է տուրիզմի ոլորտին, ապա 15%-ով բյուջեի կատարումը, փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի խոսքով, մասամբ կապված է նրա հետ, որ Երեւանը պատրաստ չէր մասնակցել մի շարք փառատոնների՝ տպագիր և վիդեոնյութերի բացակայության պատճառով:
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը վստահություն հայտնեց, որ բյուջեի չկատարման համար պատասխանատվություն է կրում քաղաքապետը:
«Բացառված չէ, որ վաղը կհայտարարեն ևս 500 վերելակ գնելու մասին, որպեսզի ապացուցեն, թե մեր իշխանությունները որքան հեղափոխական են: Նման մոտեցումը կարելի է կիրառել նաև այլ ոլորտներում, օրինակ՝ տրանսպորտի խնդրի հարցում: Ինչ-որ տեղ հետիոտնային ճանապարհ չի լինի, ինչ-որ տեղ էլ՝ թեքահարթակ, սակայն կունենանք իշխանությունների կերպար, որը լուծում է բնակչության հարցերը»,- նշեց նա:
Իր հերթին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ ինչպես մայրաքաղաքը, այնպես էլ ամբողջ Հայաստանը արդեն երկրորդ տարին է՝ ապրում է նոր իրականության մեջ: «Չկա այնպիսի վիճակ, որ տենդերները շահի միևնույն ընկերությունը: Մենք կաշխատենք, որպեսզի տենդերներն ավելի ու ավելի թափանցիկ լինեն, կաշխատենք համակարգային փոփոխությունների ուղղությամբ: Բյուջեի չկատարումը սերտորեն կապված է թույլ աշխատող մեխանիզմների հետ, որոնք դժվարությունների հետ են բախվում արդեն 20 տարի»,- ասաց Մարությանը՝ ոչ մի կերպ չանդրադառնալով ձախողված ցուցանիշներին: