Պուտինը համաձայն չէ նրանց հետ, ովքեր իրեն արքա են անվանում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն չէ նրանց հետ, ովքեր իրեն արքա են անվանում: Արքան նա է, ով հրամաններ է տալիս, իսկ նախագահը աշխատում է ամեն օր, պարզաբանել է նա «20 հարց Վլադիմիր Պուտինին» նախագծի համար ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
«Դա իրականությանը չի համապատասխանում»,- ասել է պետության ղեկավարը` պատասխանելով հարցին, թե ինչպես է նա վերաբերում այն փաստին, որ իրեն արքա են կոչում: «Ես ամեն օր աշխատում եմ, ես չեմ թագավորում»: Պուտինի կարծիքով՝ «արքան նա է, ով նստում է, վերեւից նայում եւ ասում է. «Հիմա ես կհրամայեմ, եւ նրանք այնտեղ ինչ-որ բան կանեն», «իսկ ինքը միայն գլխարկն է փորձում եւ նայում է հայելու մեջ»:
Պուտինը, ով արդեն 20 տարի է ղեկավար պաշտոններ է զբաղեցնում, խոստովանել է, որ ինքը «մտածել անգամ չէր կարող», որ իր կառավարումը կարող է այսքան երկար ձգձգվել: «Ես ընդհանրապես չէի մտածում, որ կհայտնվեմ այստեղ»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է ինչ-որ պահի ՌԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու հավանականությանը, ապա այս դեպքում, ըստ Ռուսաստանի ղեկավարի, ինքը պատասխանատվության զգացում ունի «նրա նկատմամբ, ինչ տեղի է ունենում, ինչպես է տեղի ունենում եւ ինչ տեղի կունենա»: Պուտինը հավելել է, որ 2008-ին ինքը չգիտեր, որ չորս տարի անց կրկին կվերադառնա նախագահի պաշտոնին, բայց չէր բացառում այդ հնարավորությունը:
Խոսելով կատակերգու Մաքսիմ Գալկինի կատակի մասին, որ Պուտինն ազգանուն չէ, այլ պաշտոն, պետության ղեկավարն ասել է. «Մարդ, ով որեւէ պաշտոն չունի, կարող է կատակել ուզածին պես: Եւ նրա կատակները պահանջարկ ունեն»: