Կառավարության որոշմամբ «02» շաբաթաթերթը լուծարվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 19-ի նիստում որոշում է կայացրել լուծարել «02 շաբաթաթերթ» փակ բաժնետիրական ընկերությունը: Նախագիծն ընդգրկված է չզեկուցվող հարցերի շարքում:
«Հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը, 67-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «02 շաբաթաթերթ» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նալբանդյան 130, պետական գրանցման համարը՝ 273.120.02739):
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով՝ կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության ոստիկանության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) ներկայացուցիչներին:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «02 շաբաթաթերթ» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
4. Սահմանել, որ՝
1) պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը,
2) պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը»,-ասված է որոշման մեջ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության կողմից տարվող տնտեսական, սոցիալական և բյուջետային քաղաքականությանը համահունչ պետական կառավարման յուրաքանչյուր մարմին պետք է իրականացնի բացառապես իր նպատակներին համապատասխանող և դրանից բխող գործառույթներ: Ըստ այդմ, որոշվել է դադարեցնել Ոստիկանության գործունեության բնագավառին ոչ բնորոշ գործառույթներ իրականացնող կազմակերպության գործունեությունը: