Իտալիայից Հայաստան ժամանած քաղաքացին հրաժարվում էր կարանտինից․ մասնագետները նրան մեկ ժամ համոզում էին
Իտալիայից Հայաստան ժամանած քաղաքացիներից մեկը հրաժարվում էր կարանտինից, որի մեջ նրան պետք է պահեին COVID-19 կորոնավիրուսի տարածման ռիսկի պատճառով։ Այս մասին լրագրողներին պատմել է ՀՀ Առողջապահության եւ աշխատանքի տեսչության պետ Հակոբ Ավագյանը։
Նրա խոսքերով՝ քաղաքացին Հայաստան էր ժամանել գիշերվա ժամը 3-ին, եւ սահմանային վերահսկողության անցակետի մասնագետները, ինչպես նաեւ Ավագյանն ինքը, մեկ ժամ բանակցություններ են վարել այդ մարդու հետ եւ բացատրել, թե ինչու նա, այնուամենայնիվ, պետք է մեկուսացվի, եւ ինչու է դա կարեւոր։
Վերջապես քաղաքացին, ինչպես նշեց Ավագյանը, համաձայնել է Իտալիայից եկած մարդկանց մեկուսացման համար առանձնացված վայր գնալ։
«Վերջապես նա համաձայնեց, ասաց, որ հասկացավ մեր դիրքորոշումը եւ, ելնելով իր քաղաքացիական պարտքից, գնաց կարանտինի»,- ասաց Ավագյանը։
Նրա խոսքերով՝ այս հարցի օրենսդրական կարգավորման համար պատրաստվում է օրենքի նախագիծ, ինչպես նաեւ պարետի որոշում, ինչը հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում օրենքի ուժով կարանտինի մեջ պահել «բարձր ռիսկի» երկրներից ժամանած մարդկանց։
Հիշեցնենք, որ Հայաստանում, վերջին տվյալներով, արդեն վարակի 102 հաստատված դեպք կա։ Նրանց 75 տոկոսը կապված է Էջմիածնի եւ Երեւանի արտադրամասի դեպքերի հետ։ Ավելի քան 100 քաղաքացիներ, որոնք մարտի 16-ին ժամանել են Իտալիայից, կարանտինի տակ են դրվել։