1 մահացած, 2 վիրավոր. դանակահարություն Տավուշում
Մարտի 18-ի երեկոյան սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ըստ SHAMSHYAN.com-ի՝ ժամը 22-ի սահմանում ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել Բերդի բժշկական կենտրոնից, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արծվաբերդ գյուղի կենտրոնական փողոց՝ հանրությանը հայտնի Մեհրաբի զորամասի հարևանությամբ խաչմերուկ, որտեղ հայտնաբերել են 1 մահացած և 2 վիրավոր քաղաքացու: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնակատարը, ոստիկանության Տավուշի բաժնի պետը և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի խումբը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Բերդ քաղաքի Այգեձոր բնակավայրի բնակիչ, 23-ամյա Բորիս Ալիփյանն է, իսկ վիրավորներն են՝ Այգեձորի բնակիչ, 21-ամյա Սարգիս Բաբայանն ու Դավիթ Ծաղկյանը: Վերջինները տեղափոխվել են Բերդի բուժկենտրոն: Փաստի առթիվ Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր են ժամանել նաև Տավուշի մարզի դատախազության ներկայացուցիչները:
Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով տաք հետքերով հայտնաբերել և ոստիկանության Բերդի բաժին են բերման ենթարկել 26-ամյա Արտակ Մ.-ին, որն աղբյուրի տեղեկություններով՝ պայմանագրային զինծառայող է: