Հիմա ժողովուրդը պարտադրված տանն է մնում, եւ օնլայն վիճակախաղերով զբաղվողների թիվը կտրուկ աճել է. Հայկ Սարգսյան
Հիմա ունենք մի իրավիճակ, երբ ժողովուրդը, կորոնավիրուսով պայմանավորված, պարտադրված տանն է մնում, և սրա հետևանքով օնլայն վիճակախաղերով զբաղվողների թիվը կտրուկ աճել է: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծին:
Նա դիմեց նախագծի համահեղինակներից Մերի Գալստյանին՝ նշելով. «Ես ձեզ ոչ ցուցումներ ոչ տվել եմ, ոչ էլ ցանկություն ունեմ տալու. եթե ունենամ նման ցանկություն, դա կլինի աշխատանքային կարգով, ոչ հրապարակային: Ես հորդորեցի զերծ մնանք քվեարկությունից, որպեսզի հարցը չգնա ԱԺ լիագումար նիստի, բայց որքան հասկացա, դուք նպատակ ունեք հարցը բացասական եզրակացությամբ տանել լիագումար նիստի:
Կխնդրեմ զերծ մնալ նման քայլերից, որովհետեւ շատ երկար քննարկում ենք եւ ինչպես տեսնում ենք, հանձնաժողովում որեւէ մեկը համախոհ չէ, եւ որեւէ մեկին ձեր օրենսդրականնախաձեռնությունը չի ոգեւորել, հատկապես նման տնտեսական իրավիճակում»:
Ինչ վերաբերում է նրան, որ նախագիծը հետաձգեն, հետո օրենսդրական փոփոխություններ անեն, Հայկ Սարգսյանն ասաց. «Մենք դրա դառը փորձը ունենք կապված վիճակախաղերի հետ: «Երբ մենք վիճակախաղերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն ունեինք, որով ՀՀ-ում պետք է սահմափակեինք բուքմեյքերական գրասենյակների կողմից վիճակախաղերի իրականացումը, ես այն ժամանակ ասում էի, որ քաղաքացիների 80 տոկոսը վիճակախաղերով զբաղվում է օնլայն տիրույթում, ոչ թե՝ գրասենյակներում: Մենք որոշեցինք սպասել, հարցը մեկ տարվա ընթացքում քննարկել նաեւ օնլայնի մասին:
Հիմա ունենք մի իրավիճակ, երբ ժողովուրդը, կորոնավիրուսով պայմանավորված, պարտադրված տանն է մնում, և սրա հետևանքով օնլայն վիճակախաղերով զբաղվողների թիվը կտրուկ աճել է:
Մենք, ես էլ՝ իմ հերթին, թերացել ենք, որ այդ արգելքները չենք դրել: Երբ անցած տարի ոգևորված ասում էինք՝ փակենք գրասենյակները, օնլայնով էլ կզբաղվենք՝ միջազգային փորձն ուսումնասիրելուց հետո: Ոչ մի բան էլ չենք արել»,-ասաց պատգամավորը:
Հիշեցնենք՝ «Վիճակախաղերի մասին» օրենքով նոյեմբերի 1-ից ՀՀ տարածքում բուքմեյքերական գրասենյակներ առկա են լինելու հետևյալ տրամաբանությամբ՝ ամեն կազմակերպությունից յուրաքանչյուր մարզկենտրոնում, ինչպես նաև Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում կլինեն մեկական բուքմեյքերական գրասենյակներ: