Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիների մի մասը չի ցանկացել վերադառնալ հատուկ չվերթով. ԱԳՆ
Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիների մի մասը չի ցանկացել վերադառնալ հատուկ չվերթով, որը կազմակերպվել էր անցած կիրակի օրը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչու է հայտարարված 150-ից 63 քաղաքացի վերադարձել, նա պատասխանեց, որ մի մասը մտափոխվել է՝ իմանալով սպասվող կարանտինի մասին: Նրանք որոշել են մնալ Իտալիայում, մի մասն էլ որոշել է երրորդ երկրներ մեկնել:
Ինչ վերաբերում է հայրենիք վերադառնալու հնարավորություն չունեցող ՀՀ քաղաքացիներին, ԱԳՆ մամուլի քարտուղարը նշեց, որ նրանց հետ կապի մեջ գնտվող դեսպանատներն ու հյուպատոսությունները փորձում են հնարավորինս օգնել, սակայն եթե վերադառնալու հնարավորություն չկա, նրանք պետք է մնան իրենց բնակության վայրում եւ ենթարկվեն այն երկրի իշխանությունների պահանջներին, որտեղ գտնվում են:
Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ Հայաստանն ընդունում է իր բոլոր քաղաքացիներին, այդ թվում երկքաղաքացիություն ունեցողներին, իսկ արտասահմանցիների համար սահմանափակումները սահմանում է արտակարգ դրության պարետատունը:
Նա նաեւ արտասահմանում գտնվող բոլոր քաղաքացիներին կոչ արեց առաջին հերթին կապ հաստատել դեսպանատների եւ ԱԳՆ-ի, այլ ոչ թե ԶԼՄ-ների հետ: