Հազվագյուտ հիվանդության պատճառով աղջիկը չի կարողանում ո՛չ ուտել, ո՛չ խմել, ո՛չ լվանալ ատամները (լուսանկարներ)
Շեյ Ուինը Մեծ Բրիտանիայից հազվագյուտ հիվանդության` կոկորդի ճեղքվածքի պատճառով չի կարողանում լվանալ ատամները, իսկ սնունդ եւ ջուր ստանում է խողովակի միջոցով:
Ինչպես պատմում է Daily Star պարբերականը, Շեյը ծնվելիս կշռում էր ընդամենը 1.3 կգ, եւ իր կյանքի առաջին շաբաթներն անցկացրել է վաղաժամկետ նորածինների համար նախատեսված բաժանմունքում: Երբ աղջնակին վերջապես տուն էին տարել, նրա մայրը` Լինդսին նկատել էր, որ երեխան ամեն անգամ հազում է կրծքով կերակրելու ժամանակ: Բացի այդ, նա հաճախ էր հիվանդանում շնչառական վարակներով ու թոքաբորբով: Մայրս ստիպված էր թողնել աշխատանքը` Շեյի մասին հոգ տանելու համար:
Աղջիկը մեկուկես տարեկան էր, երբ բժիշկները նրա մոտ կոկորդի ճեղքվածք էին հայտնաբերել` հազվադեմ վիճակ, որի ժամանակ կերակրափողի եւ տրախեայի միջեւ եղած մաշկը չի փակվում, եւ փոս է գոյանում: Այս վիճակի պատճառով սնունդը եւ հեղուկը մտնում էին Շեյի թոքերը եւ վարակների պատճառ դառնում: Բժիշկները որոշել էին չիրականացնել վտանգավոր վիրահատությունը եւ կերակրման նազոգաստրիկ խողովակ էին տեղադրել աղջնակի օրգանիզմում:
«Նրանք խողովակը քթի միջով տեղադրել էին ստամոքսի մեջ. դա ուղղակի սարսափելի էր: Շեյը գոռում էր: Մենք երեք օր անցկացրեցինք հիվանդանոցում` նրան կերակրել սովորելու համար»,- պատմել է Լինդսին:
Շեյն այժմ տաս տարեկան է: Նա մինչեւ հիմա ապրում է կերակրման խողովակով եւ չի կարողանում լվանալ ատամները, քանի որ վտանգ կա, որ նա պատահաբար կուլ կտա ջուրը կամ դուրս կհանի կամ կվնասի խողովակը: Բացի այդ, պատահում է, որ աղջիկը դադարում է ճանաչել իր շրջապատի մարդկանց, այդ թվում նաեւ` մորը: Իսկ տեղաշարժման համար Շեյը ստիպված է օգտվել սայլակից:
Լինդսին կազմակերպել է «Շեյի ժպիտը» բարեգործական հիմնադրամը, որի նպատակն է օգնել այլ երեխաներին, ովքեր ստիպված են սնվել խողովակի միջոցով: