Կորոնավիրուսի դեմ պայքարում ԱԻՆ-ը նիստ է հրավիրել (Լուսանկար)
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը փոխնախարար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ կայացրեց անդրանիկ նիստը: Քննարկվեց արտակարգ դրության պայմաններում ԱԻՆ տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումների պատրաստականության աստիճանը եւ փոխհամագործակցությունը պետական այլ գերատեսչությունների հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։
Ըստ օպերատիվ խմբի ղեկավարի տեղակալ փ/ծ տնօրեն գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի զեկույցի՝ ծառայության բոլոր ստորաբաժանումները բերված են պատրաստականության բարձր աստիճանի եւ արագ արձագանքման խմբերի հետ միասին պատրաստ են իրականացնել իրենց առջեւ դրված խնդիրները, անհրաժեշտության դեպքում՝ օժանդակել հանրությանն ու պետական այլ մարմիններին: Վերոնշյալ ստորաբաժանումներն իրականացնում են հատուկ ուժեղացված ծառայություն:
Օպերատիվ խմբի պետ Արմեն Հարությունյանը, դիմելով նիստի մասնակիցներին, հորդորեց կառավարության մաս կազմող մյուս նախարարությունների հետ աշխատել առավել արդյունավետությամբ, համագործակցված կատարել արտակարգ դրության պահանջներին համապատասխան բոլոր առաջադրանքները: Նա, վկայակոչելով նախարարության հումանիտար բնույթը, կարեւորեց ստեղծված պայմաններում հասարակության հետ բացատրական աշխատանք տանելու, անհրաժեշտ ցուցումներ տալու, վտանգների մասին նախազգուշացնելու անհրաժեշտությունը:
Նիստի ավարտին Արմեն Հարությունյանը փոխանցեց ԱԻ նախարարի հանձնարարականը. աշխատել շուրջօրյա հասանելիության պայմաններում, ըստ անհրաժեշտության՝ իրականացնել հավելյալ գործառույթներ: