«Հանրայինով դասեր կացկացվեն. նաև ունենալու ենք առանձին յութուբյան ալիք». ԿԳՄՍ նախարարը նշեց ժամերը
21-րդ կետով սահմանվում է, որ արտակարգ դրության ողջ ընթացքում, ըստ էության, փաստացի բոլոր տիպի ուսումնական հաստատություններում առկա ամբողջ դասապրոցեսը դադարեցվում է. սա նշանակում է, որ մենք խնդիր ենք ունենում կրթական պրոցեսի անընդհատության ապահովման հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Մենք մի շարք լուծումներ փորձել ենք գտնել: Արդեն կարող ենք փաստել, որ բուհական համակարգի առումով կարողացել ենք գտնել լուծումներ՝ խորհրդակցելով բուհերի հետ: Ստեղծվել է մի իրավիճակ, որ բուհերը հաստատել են, որ հեռավար ուսուցման տարբեր միջոցներով կարելի է կազմակերպել դա: Դա ապահովելու է ուսումնական պրոցեսի անընդհատությունը: Այս գործընթացի մոնիտորինգ կանենք առաջիկա օրերին եւ կհասկանանք ամբողջականությունը այդ գործընթացների»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով դպրոցներին, նա ընդգծեց. «Այստեղ մենք մեծ ոգեւորություն ենք տեսնում, առանց մեր միջամտության արդեն որոշ դպրոցներ, առանձին դեպքերում դասարաններ, առանձին դեպքերում ուսուցիչներ սկսել են կիրառել օնլայն հարթակները՝ կրթական պրոցեսի անընդհատությունն ապահովելու համար, եւ ես այդ մասնագետներին, դպրոցների ղեկավարներին, կազմակերպիչներին ողջունում եմ, ասում եմ՝ դուք մեր գործընկերներն եք, մենք միասին պետք է այս փուլն անցնենք, օգնենք այն ուսհաստատություններին, որոնք մինչեւ հիմա հեռավար ուսուցման կազմակերպման գործիքներ չեն ունեցե, մենք տրամադրենք:
Մենք չենք կարող ասել, որ կարող ենք ապահովել բոլոր հնարավորությունները, սա դառնալու է հեռավար կրթության համազգային պիլոտային ծրագիր, կոչ ենք անում, որ ուսուցիչները, տնօրենները, աշակերտները, ծնողները ջանքեր գործադրեն, որ այս պիլոտի հարցում ունենանք հաջողություն: Սա լրիվ այլ մակարդակի է հասցնելու մեր ուսումնական գործընթացները: Սա մենք պետք է օգտագործենք նոր կթական տեխնոլոգիաներ զարգացնելու համար»:
Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում ստեղծել են armedu.am պորտալը, որտեղ նման ծրագրեր իրականացնող հարթակների մասին տեղեկատվություն է հավաքված. «Մենք իրականացնելու ենք եւ ծրագրերի մշակման գործընթաց, եւ վերապատրաստումների գործընթաց, որովհետեւ հասկանում ենք, որ ոչ բոլոր ուսուցիչներն ունեն հմտություններ այս համակարգերը կառավարելու:
Հանրային հեռուստաընկերության հետ ստեղծել ենք հնարավորություն դասախոսության եւ դասերի անցկացման եթերում: Ամեն առավոտ ժամը 8.30-9.30 կլինեն դասեր, որոնք այնուհետեւ կվերսկսվեն 11.30-12.40-ին: Ucom-ից լավ առաջարկ ենք ստացել, իրենք առանձին ալիք են տրամադրելու նման դասերի համար եւ ամբողջ օրը 24 ժամվա ընթացքում ունենալու ենք նման դասընթացներ: Հիմա հավաքում ենք ձայնագրություններ, ուսուցիչները դասեր կկարդան»:
ԿԳՄՍ նախարարեւ եւս մեկ լավ լուր ուներ. «Մենք ունենալու ենք առանձին յութուբյան ալիք, որտեղ հավաքվելու են բոլոր այս նյութերը: Այս էջի այցելությունների թրաֆիքը Ucom-ի հաճախորդների համար լինելու է անվճար: Այսինքն եթե հաճախորդ եք, դա ձեզնից թրաֆիք չի տանելու: Սա շատ ողջունելի նախաձեռնություն է, ես վստահ եմ, որ մյուս մեր օպերատորները կմիանան այս նախաձեռնությանը»:
Նա ընդգծեց, որ առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում կփորձենք հասկանալ հեռավար կրթության ծավալը՝ սկսած էլփոստի միջոցով առաջադրանքներ տալուց, վերջացրած ուղիղ տեսակապերով դասեր անցկացնելուց: Երկու շաբաթվա ընթացքում կհասկանանք, թե որքանով արդյունավետ է դա եւ արտակարգ դրության ավարտից հետո ստիպված չենք լինի լրացուցիչ պարապմունքներ նշանակելու: