Մահացել է ռուս գրող եւ քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը
Մահացել է գրող եւ քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը։ Այս մասին ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Շարգունովը գրել է Telegram-ալիքում։ Լիմոնովը 77 տարեկան էր, վերջին ժամանակներս նա առողջական խնդիրներ ուներ։
Էդուարդ Լիմոնովը (Սավենկո) ծնվել է 1943թ․ փետրվարի 22-ին՝ Գորկու շրջանի (այժմ՝ Նիժեգորոդյան շրջան) Ձերժինսկ քաղաքում, դպրոցն ավարտել է Խարկովում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
1958թ․ նա սկսել է բանաստեղծություններ գրել, սակայն խորհրդային հրատարակչությունները դրանք մերժում էին։ Ավելի ուշ Լիմոնովը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ նա ստիպված է եղել աշխատել, այդ թվում՝ վաճառող, տեղադրող-բանվոր, պողպատագործ։
1974թ․ նա տեղափոխվել է ԱՄՆ, այնուհետեւ ապրել է Ֆրանսիայում, 1987թ․ ստացել է ֆրանսիական քաղաքացիություն։
Լիմոնովը գրել է այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսին են՝ «Այդ ես եմ, Էդիչկան» (1976), «Նրա ծառայի պատմությունը» (1982), «Անհաջողակի օրագիրը» (1982), «Ժամանակակից հերոսների մահը» "(1985), «Դեռահաս Սավենկոն» (1983) ինքնակենսագրական եռագրությունը, «Երիտասարդ անզգամը» (1986), «․․․Մենք մեծ դարաշրջան ենք ունեցել» (1995)։
1991թ․ գրողը վերադարձել է Ռուսաստան, 1992թ․՝ ստացել ռուսական քաղաքացիություն։
Լիմոնովը հայտնի է նաեւ որպես քաղաքական գործիչ։ 1994թ․ փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի, երաժիշտ Եգոր Լետովի, երգահան Սերգեյ Կուրեխինի հետ նա ստեղծել է Ազգային բոլշեւիկյան կուսակցությունը (2007թ․ դատարանն այն ճանաչել է ծայրահեղական եւ արգելել դրա գործունեությունը)։
2010թ․ հուլիսին Լիմոնովը հիմնել է «Այլ Ռուսաստան» կուսակցությունը։ 2011թ․ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը մերժել է կուսակցության գրանցումը։