«Նախընտրելի» մասնավոր տարբերակներով իրավական երկիր չեն կառուցում. Արման Թաթոյանը Էջմիածնում կորոնավիրուսով վարակված կնոջ մասին մի քաղաքացու ծեծի ենթարկելու վերաբերյալ
Այսօր ծանոթացա Էջմիածնում կորոնավիրուսով վարակված կնոջ մասին մի քաղաքացու նկարահանած տեսանյութին: Ըստ հրապարակային տեղեկությունների՝ այսօր այդ տեսանյութի հեղինակը ենթարկվել է ծեծի։ Այս մասին, ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրության, հայտարարել է ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Այս պատասխանատու փուլում բոլորիս գերնպատակը պետք է լինի «կորոնավիրուս» կոչվող չարիքի դեմ պայքարը՝ համախմբված, համերաշխության մթնոլորտում՝ իրար աջակցելով, այլ ոչ թե ծաղրելով կամ վիրավորելով։ Նման բարդ ու զգայուն իրավիճակներում հատկապես պետք է իրար նկատմամբ լինենք առավելագույն հարգանքով՝ բացառելով որևէ վիրավորանք, մեկս մյուսի արժանապատվությունը նսեմացնելու փորձ: Մյուս կողմից, եթե մարդը թույլ է տվել մեկ այլ անձի իրավունքն առերևույթ խախտող արարք, ապա խնդրի մասին պետք է տեղեկացնել պատկան մարմիններին, այլ ոչ թե դիմել «ինքնադատաստանների»: Պատասխանատվության հարցը լուծելու համար կա պետություն և վերջ», նշել է ՄԻՊ Արման Թաթոյանը։
Ա.Թաթոյանի խոսքով՝ «նախընտրելի» մասնավոր տարբերակներով իրավական երկիր չեն կառուցում։
«Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ սոցիալական ցանցերում իրար վիրավորելն ու արժանապատվությունը նվաստացնելը կարող է առավել վտանգավոր հետևանքներով տեղափոխվել իրական կյանք: Հենց սրա համար եմ նաև այդքան խնդրում քաղաքացիներին սոցիալական ցանցերում չներքաշվել այնպիսի «քննարկումների» մեջ, որոնք ծաղրում, վիրավորում կամ նվաստացնում են մարդու արժանապատվությունը», ասել է Ա.Թաթոյանը: