Գեղամ Գևորգյանի պարզաբանումը՝ սպիրտի, ալկոգելի, զուգարանի թղթի և այլ ապրանքների թանկացման վերաբերյալ (Տեսանյութ)
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը մամուլի ասուլիսի ընթացքում հերքել է այս օրերին շրջանառվող մի շարք տեղեկություններ՝ կապված որոշ ապրանքատեսակների դեֆիցիտի եւ թանկացման հետ։
Նրա խոսքով, սպիրտի թանկացումը որեւէ առնչություն չունի կորոնավիրուսի տարածման հետ. գնի բարձրացումը կապված է բացառապես հարկային օրենսգրքում հունվարի 1-ից տեղի ունեցած փոփոխություններով, ինչը համահունչ է ԵՏՄ մեր պարտավորություներին:
«Ուզում եմ հերքել տեղեկությունը, որ սպիրտի գինը եղել է 300 դրամ, իսկ կորոնավիրուսի պատճառով դարձել է 2884 դրամ, հետո ասվեց, որ 3600 դրամով է վաճառվում: Մենք խոշոր առեւտրային ցանցերում ամենօրյա մոնիտորինգ ունենք, եւ պարզեցինք, որ 2884 դրամ է: մենք խնդրեցինք այդ տեղեկատվության աղբյուրը, մինչեւ հիմա դա չենք ստացել»,-ասաց նա:
Գեղամ Գեւորգյանը հերքեց նաեւ ալյուրի թանկացման մասին լուրերը՝ հայտնելով, որ ալյուրը չի թանկացել. «Ապրանքների որոշակի թանկացում եղել է դոլարի փոխարժեքի տատանման հետ, բայց դա էլ ենք հսկողության տակ պահում: Բոլոր խախտումների վերաբերյալ տվյալները մեզ մոտ հավաքագրվում են եւ անխուսափելի պատասխանատվության ենք ենթարկելու: Այսօր արդեն երկու վարույթ ենք հարուցել կապված ալկոգելերի հետ, որովհետեւ որոշակի անձինք փորձել էին ինտերնետով ալկոգել անվան տակ վաճառել ալկոգելը եւ բարձր գնով: Իսկ եթե կլինեն ֆիզիկական անձինք, որոնք List.am-ով կամ այլ կայքերով կփորձեն զբաղվել առեւտրային գործունեությամբ, այդ տվյալները կփոխանցենք ՊԵԿ-ին, որ համապատասխան գործողություններ կատարեն»,-ընդգծեց ՏՄՊՊՀ նախագահը:
Նա հավաստիացրեց , որ ՀՀ-ում ալկոգել արտադրող երք խոշոր ընկերությունների կողմից մեկ դրամով անգամ գները չեն բարձրացվել, երեք ամիս առաջ էլ է այդ գինը եղել, այսօր էլ է այդ գինը:
Ինչ վերաբերում է բժշկական դիմակներին, ապա, ըստ նրա, այստեղ գնի բարձրացում կա. «Ամբողջ աշխարհում գնի բարձրացում կա: Մենք նայել ենք, որ եթե պահեստներում եղել են դիմակներ, որ ձեռք են բերվել ցածր գնով, փորձել ենք կանխել, որ դրանք էժան վաճառվեն»: Գեւորգյանը հավելեց, որ այսօր արդեն Չինաստանից դիմակների վաճառքի առաջարկներ են ստանում, արդեն 84 դրամով առաջարկ կա, այսինքն գինը նվազում է»:
Անդրադառնալով որոշ քաղաքացիների՝ մեծ քանակով զուգարանի թուղթ եւ անձեռոցիկ գնելուն՝ ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ մեծաքանակ գնումների կարիք չկա, քանի որ Հայաստանում գործում է անձեռոցիկի, զուգարանի թղթի, օճառի եւ մի շարք այլ տնտեսական ապրանքների արտադրություն։