Քրիստոս ծնավ և հայտնեցավ` Մեզ և Ձեզ մեծ ավետիս
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին, իսկ Կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի 25-ին: Մինչև 4-րդ դար բոլոր քրիստոնյաները Սուրբ ծնունդը նշում են հունվարի 6-ին, սակայն քրիստոնեության ընդունումից հետո հռոմեական ազգը շարունակում էր հեթանոսական տոներ նշել. ամեն տարի դեկտեմբերի 25-ին նրանք նշում էին արևի պաշտամունքին նվիրված տոնը:
Հետագայում այդ հեթանոսական ավանդույթներին խոչընդոտելու նպատակով` 336 թվականին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր, իսկ հետագայում Ասորիքում ու գրեթե ամբողջ արևելքում դեկտեմբերի 25-ին նշում էին Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնը, իսկ հունվարի 6-ը' որպես Աստվածահայտնության և Մկրտության օր:
Եվ, ամենակարևորը, Առաքելական Սուրբ Եկեղեցին միակն է, որ հավատարիմ է մնում ավանդույթներին և ավետարանական հաշվարկներին. ավանդույթի համաձայն' ամեն տարի հունվարի 6-ին միասնաբար նշվում են Հիսուս Քրիստոսի ծննդյան և Աստվածահայտնության տոները, և քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո՝ ժամը 17:00-ին, Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան: Այս օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սուրբ Պատարագ:
Հիշեցնենք, որ ճրագալույցի Սուրբ Պատարագը մատուցվում է տարվա մեջ ընդամենը երկու անգամ՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ճրագալույց նշնակում է ճրագ, (մոմ) լուցանել, այսինքն՝ վառել: Հունվարի 5-ի երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում, որոնք խորհրդանշում են աշտվածային լույս, եկեղեցու օրհնություն, որի շնորհիվ լուսավորում են իրենց տունը: Ճրագալույցը խորհրդանշում է «բեթղեհեմյան աստղի լույսը», որն առաջնորդեց մոգերին դեպի մանուկ Հիսուսի ծննդյան վայր: