Պետք չէ վախենալ, եթե մենք մի քանի հարյուր վարակակիր հայտնաբերենք
Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը
Վարչապետին հարց ուղղեցիք շնչառական ապարատների հետ կապված և նշեցիք, որ բավարար քանակով չկան։ Հայաստանն այսօր որքանո՞վ է պատրաստ դիմակայել կորոնավիրուսին։
Այն տեմպերով, որով հիմա կառավարությունն աշխատում է, կարծում եմ, որ արդեն բավական պատրաստված է։ Գրեթե վստահ եմ, որ կհաղթահարենք առանց շատ լուրջ, էական վնասների, և արտակարգ դրությունը կնպաստի դրան։ Այս ինքնամեկուսացումը վիրուսի տարածման ամենալավ կանխարգելիչ միջոցառումն է։ Ինչ վերաբերում է շնչառական ապարատներին, ապա դրանց պակասը միշտ է եղել։ Իրականում մեր ոչ բոլոր հիվանդանոցներում կան շնչառական ապարատներ, մինչև կորոնավիրուսը նկատի ունեմ։ Իմ հարցն ավելի շատ ուղղված էր նրան, թե արդյոք այս ընթացքում մենք հասցրել ենք ձեռք բերել, կամ եթե ոչ, ունե՞նք պայմանավորվածություններ անհրաժեշտության դեպքում շտապ գնելու, ռեզերվներ ունենալու համար, որովհետև բոլորս էլ գիտենք, որ կորոնավիրուսի բարդությունը կապված է սուր թոքաբորբի հետ, որի ընթացքում անհրաժեշտ են ապարատները։ Պատասխանեցին, որ կան, խոսվեց մի քանի հարյուրի մասին, և ես շատ ուրախ եմ, եթե այդպես լինի։
Չնայած հորդորներին և ձեռնարկված միջոցառումներին՝ խնջույքները տներում, ռեստորաններում և սրճարաններում չեն դադարում։
Ես կարծում եմ, որ մենք էլ արդեն պիտի զգոն լինենք և հասկանանք, որ բնականոն կյանքին շուտ անցնելու համար, ինչպես Իտալիայի կառավարությունն է ասում, և հեռուստացույցով բազմիցս կրկնում են՝ եթե դուք ուզում եք ապրիլի կեսից տնից դուրս գալ և անցնել ձեր կյանքի բնականոն ընթացքին, ուրեմն այս պահին տնից պետք է ընդհանրապես դուրս չգաք մինչև ապրիլի կես։ Եթե սկսենք հիմա դուրս գալ, ապա սա շղթայաբար կշարունակվի։
Բայց ԱԺ-ն շարունակելու է աշխատանքները, նիստերը չեն դադարելու, քառօրյան կա, Դուք կոչ եք անում նստել տանը։
Ըստ սահմանադրության՝ այո՛։ ԱԺ-ն, ՍԴ-ն և մի շարք այլ կառույցներ պարտավոր են աշխատել արտակարգ դրության ժամանակ ևս։ Այստեղ ինձ համար մի խնդիր կա. մենք մեղադրում ենք այն մարդկանց, ովքեր լուրջ չեն ընդունել և վարակը տարածել են, բայց կարծում եմ, որ մեր մեղավորությունն էլ կա։ Սկզբում խոսում էինք, որ կորոնավիրուսը վտանգավոր չէ և հատուկ միջոցառումների կարիք չկա, հետևաբար այսօր դժվար է այդ մարդկանց ուրիշ բան համոզել։ Չնայած ես միշտ ասել եմ, որ մեր պատկան մարմիններն այդպես էին ասում խուճապ չտարածելու համար։
Տիկին Բադալյան, իսկ վտանգավո՞ր է, որովհետև 52 վարակվածներից միայն 2 հոգու մոտ է ախտորոշված աջակողմյա թոքաբորբ։ Վտանգավո՞ր է արդյոք, թե աղմուկն է մեծ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհում հազարավոր զոհեր կան՝ ես կարծում եմ, որ լուրջ չէ խոսել անվտանգության մասին։ Կորոնավիրուսի բարդությունները որոշ ժամանակ անց են ի հայտ գալիս և դրա համար են կորոնավիրուսով վարակված մարդիկ հսկողության տակ հիվանդանոցներում։ Այսինքն՝ կասկածվող մարդիկ մեկուսացված են, իսկ հիվանդները հիվանդանոցում են գտնվում մեկուսացված, որովհետև այդ բարդությունը կարող է լինել և չլինել։ Եթե մենք հիմա ասենք, որ ոչ մի բարդ բան էլ չկա, սովորական գրիպ է, ապա աշխարհում այսպիսի արագությամբ զոհեր չէին գրանցվի։ Ի դեպ, տարիքի հետ կապված կարծիքը, որ մեծ տարիքի մարդիկ են թիրախում, հերքվեց, որովհետև բոլոր երկրներում էլ երիտասարդ մահացություններ կան իրականում։ Այնպես չէ, որ մահերը միայն բարձր տարիքի մարդկանց է վերաբերում։ Այսինքն՝ ռիսկ կա, և ավելի լավ կլինի մենք զգոն լինենք, պատրաստված լինենք և մեզ չվերաբերի ընդհանրապես, քան անլուրջ գտնվենք և ասենք, որ ոչ մի բան էլ չկա։
Սկզբում մենք անլու՞րջ էինք վերաբերում։ Ավելի արա՞գ պիտի քայլեր ձեռնարկվեին։
Առաջին իսկ օրվանից իմ բոլոր հարցազրույցներում էլ ես սթափության կոչեր եմ արել։ Իմ բոլոր գործընկերներին էլ եմ հորդորել լուրջ վերաբերվել խնդրին, բայց Իտալիայի օրինակը շատ կարևոր է, թե ինչպես սկզբում լուրջ չէին վերաբերվում, որ իրենց ոչինչ չի լինի, և այսօրվա դրությամբ 1081 մահ կա գրանցված և տասնյակ հազարավոր վարակվածներ։ Սա անլուրջ մոտեցման արդյունքն էր։ Բայց այս պահին Իտալիայի կառավարությունը լրջագույն միջոցառումներ է իրականացնում։ Մենք էլ կարծես թե նույն ճանապարհով գնացինք։ Սկզբում ասացինք, որ կորոնավիրուսը վտանագավոր չէ, միջոցառումների կարիք չկա, իսկ հիմա արդեն բավականին լուրջ աշխատանքներ են տարվում։
Մեկուսացումը կանխելո՞ւ է աճը, թե առաջիկայում կավելանա։
Սա խնդրում եմ դիտարկել իմ անձնական կարծիք և ոչ իշխող թևի ներկայացուցչի։ Կա տրամաբանական պարզ հաշվարկ՝ կորոնավիրուսով 1 վարակվածը միջինացված թվերով պետք հաշվել 10 պոտենցիալ վարակված։ Պետք չէ վախենալ, եթե մենք մի քանի հարյուր վարակակիր հայտնաբերենք, որովհետև ուղղակի պարզ, նախորդ վարակվածների շրջանակում փոխանցված վարակ է։ Բայց այս միջոցառումները կատարվում են, որ գոնե այդ կետի վրա կանգնեցնեն։ Եթե որևիցե միջոցառում չկատարվի և մեկուսացում չինի և լինեն ազատ շփումներ, ապա դա կարող է հասնել տասնյակ հազարների։