ՀՀ ողջ տարածքում հայտարարվեց Արտակարգ Դրություն
Քիչ առաջ Կառավարությունը, վերադառնալով ընդմիջումից, ընդունեց ՀՀ-ում Արտակարգ դրություն հայտարարելու որոշում: Ըստ այդմ` ՀՀ-ում 2020 թվ. մարտի 16-ի 18:30-ից հայտարարվում է Արտակարգ դրություն:
Ընդմիջումից առաջ Արտակարգ դրություն սահմանելու՝ նախապես հայտարարված ժամը՝ 17։00-ն փոխվեց։ Կառավարությունը չհասցրեց արտահերթ նիստում ընդունել որոշումն ու ուղարկել ԱԺ։ Մասնավորապես՝ քննարկումները երկարեցին՝ կապված Հայաստան մուտք ու ելքի սահմանափակումների հետ։
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ի սկզբանե հայտարարեց, որ առնվազն երկու շաբաթով հարկավոր է արգելել օտարերկրացիների մուտքը Հայաստան եւ ՀՀ քաղաքացիների ելքը։ Ավելի քան մեկ ժամ տեւեած քնարկումներից հետո կառավարության անդամներն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան։ Զոհրաբ Մնացականյանը 15 րոպե ընդմիջում խնդրեց, սակայն Նիկոլ Փաշինյանը որոշեց մեկ ժամ ընդմիջում հայտարարել, քանի որ որոշման նախագծում անճշտություններ կային։ Կառավարության արտահերթ նիստը կվերսկսվի 17։15-ին, որոշումն ընդունելուց հետո այն կուղարկվի Ազգային ժողով։
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այսօր ամեն կերպ պետք է ավարտին հասցնել այս գործը․ «12-ն էլ լինի, Ազգային ժողովը նիստ կանի»։
ՀՀ Վարչապետը նշեց, որ այժմ որոշումը ընդունելուց հետո, որը հրապարակման պահից է ուժի մեջ մտնում, իսկ հրապարակման պահը տեքստի հրապարակման պահն է, ԱԺ-ում Իրավունքի ուժով հրավիրվում է նիստ, Կառավարության ողջ կազմը ԱԺ-ում կներկայացնի որոշումը և քննարկման արդյունքում կներկայացվի Կառավարության տեսլականը այս հարցի շուրջ , ինչպես նաև կպատասխանեն ԱԺ պատգամավորների հարցերին: