Ռուսաստանը փակում է Բելառուսի հետ սահմանը
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանը որոշում է կայացրել փակել սահմանը Բելառուսի հետ` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք հետեւողականորեն, կախված համաճարակի զարգացումից, փակում ենք մեր սահմանները: Առաջին հերթին, մենք դա արել ենք Չինաստանի եւ Ասիայի մյուս երկրների հետ, որոնք առաջինն էին բախվել այս սպառնալիքին: Սահմանափակել ենք օդային հաղորդակցությունը ԵՄ երկրների հետ, երբ վարակը սկսեց տարածվել այնտեղ, դադարեցրել ենք օտարերկրացիների մուտքը Լեհաստանի, Նորվեգիայի սահմանով, չեղարկել ենք երկաթուղային կապը Լատվիայի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ: Մենք որոշում ենք կայացրել նաեւ փակել սահմանը Բելառուսի հետ մարդկանց տեղափոխման համար եւ մի շարք այլ ակտիվ քայլեր ենք ձեռնարկել»,- պարզաբանեց նա փոխվարչապետների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ:
Ավելի վաղ օդային հաղորդակցությունը սահմանափակվել էր Եվրամիության, Շվեյցարիայի եւ Նորվեգիայի հետ, մինչ այդ` Չինաստանի, Իրանի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի հետ: Արգելքներ են սահմանում նաեւ այլ պետությունները: