Ալկոգել ենք հայթայթում. Դատական դեպարտամենտի ղեկավարը՝ դատարաններն ախտահանելու մասին
Դատական դեպարտամենտն առավոտից փորձում է «ալկոգել» հայթայթել, որպեսզի մինչև օրվա վերջ կարողանա բոլոր դատարաններին ապահովել ախտահանիչ նյութերով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։
«Ներկայումս մի քանի խմբեր աշխատում են դեղատներից ալկոգել ձեռքբերելու ուղղությամբ, կարելի է ասել փորձում ենք հայթայթել. արտադրողի հետ ենք կապ հաստատել, որպեսզի օրվա երկրորդ կեսին գոնե որոշակի քանակություն ձեռքբերենք, որպեսզի կարողանանք բոլոր դատարեններին ապահովել ալկոգելով»,–ասաց նա։
Փոլադյանի խոսքով՝ դատարաններում տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք հրահանգավորվել են ախտահանող բոլոր հնարավոր միջոցներով ախտահանիչ գործողություններ իրականացնել։ «Բոլորի պես մենք էլ ենք փորձում անել հնարավոր ամեն ինչ վարակի տարածումը կանխելու համար»,–ասաց նա և հավելեց, որ քիչ հետո դատարանների գրասենյակներին ձեռնոցներ ու դիմակներ կբաժանվեն։
Դատական դեպարտամենտի ղեկավարը տեղեկացրեց, որ դեպարտամենտի ռիսկայի խմբի աշխատակիցներին, այդ թվում նրանց, ովքեր ունեն որոշակի մրսածություն արդեն տուն են ուղարկել։ Անդրադառնալով դատարաններում հնարավոր կուտակումների խնդրին, Փոլադյանը հույս հայտնեց, որ մեր քաղաքացիները, բացառությամբ դատավարության կողմերի, ավելի ողջամիտ և խելամիտ կգտնվեն և կխուսափեն դատարան գալուց։
Նշենք, որ ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել Բարձրագույն դատական խորհուրդը՝ առաջարկելով բոլոր դատարաններին և դատավորներին իրենց գործառույթները հնարավորինս իրականացնել օրենքով սահմանված գրավոր ընթացակարգերով։ Բացի այդ, հանձնարարվել է դատարանների նախագահներին, դատական դեպարտամենտին և դատական կարգադրիչների ծառայությանը ապահովել աշխատակիցների որոշ մասի աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։
Նշենք, սակայն, որ դատական նիստերը հետաձգելու որոշում դեռևս չի կայացվել։