Էջմիածնի քաղաքապետի երեկվա Լայվը (Տեսանյութ)
Երեկվանից համապատասխան միջոցներով ախտահանում ենք Էջմիածնի հիմնական փողոցներն ու մայթերը, հանրային վայրերում գտնվող նստարանները, կանգառները, առհասարակ՝ այն վայրերը, որտեղ մարդկանց շատ կուտակում է լինում կամ մարդկանց հոսքը շատ է: Այս մասին ֆեյսբուքյան լայվով երեկ երեկոյան հայտնել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:
«Ուրախությամբ պետք է փաստեմ, որ մարդկանց մեծ բազմություն փողոցներում չենք տեսնում։ Նրանք անսացել են մասնագետների խորհուրդներին եւ փորձում են շատ տանից դուրս չգալ։ Երեկ ձեռք ենք բերել քլորի մեծ քանակություն։ Այսօր քաղաքապետարանը մթերեց նաեւ մեծ քանակությամբ բժշկական սպիրտ, քանի որ բժիշկները պնդում են, որ այն եւս շատ էֆեկտիվ է նոր կորոնավիրուսի կանխման համար։
Երեկ հանդես էինք եկել հայտարարությամբ՝ կոչ անելով բոլոր տնտեսավարողներին, հանրային սննդի կետերին, առհասարակ այն հաստատություններին, որտեղ շատ մարդիկ են լինում, պարբերաբար ախտահանել իրենց տարածքները՝ նաեւ պատրաստակամություն հայտնելով տրամադրել ախտահանիչ նյութեր։ Արձագանքողներ շատ եղել են, եւ այսօր քաղաքապետարանում բաժանվել է ախտահանող նյութերի որոշակի քանակ։ Ամեն դեպքում, վաղվանից մենք նախատեսում ենք անկախ նրանից՝ կդիմեն տնտեսվարողները, թե ոչ, առնվազն հանրային սննդի կետերում եւ մթերային խանութներում բաժանել բժշկական սպիրտ եւ քլոր, եւ հետեւել, որ այդ տարածքները ախտահանվեն, ընդ որում՝ թե կենտրոնում, թե ծայրամասերում»,- ասել է նա։
Քաղաքապետի խոսքով`այսօրվանից ոստիկանության հետ համատեղ աշխատանքի շրջանակներում շատ խիստ քաղաքապետարանի աշխատողները պայքար են ծավալել բացօթյա առեւտրի դեմ։
«Վաղն առավոտից եւս այս միջոցառումներն իրականացվելու են։ Ես մեր համաքաղաքացիներին հորդորում եմ, նախ, չզբաղվել ապօրինի բացօթյա առեւտրով, երկրորդը չքաջալերել դրանով զբաղվողներին, այսինքն չգնել այդ կետերից որեւէ միրգ կամ բանջարեղեն։ Հարուցվելու են նաեւ վարչական վարույթներ այն անձանց նկատմամբ, ովքեր այս պայմաններում կզբաղվեն ապօրինի բացօթյա առեւտրով։ Այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած արտահերթ խորհրդակցության արդյունքում որոշեցինք ստեղծել այսպես կոչված արագ արձագանքման շտաբ կամ աշխատանքային խումբ, որը կապ կպահի համապատասխան գերատեսչությունների հետ, որպեսզի ցանկացած խնդրին տրվի արագ լուծում։ Խորհրդակցության արդյունքում նշանակվել են պատասխանատուներ։ Նախ ոստկանության, ԱԱԾ-ի եւ այլ ուժային մարմինների հետ աշխատանքի համար վաղվանից կգործի թեժ գիծ, որին կարող եք դիմել ամեն հարցով։ Ամեն դեպքում, հաշվի առնելով իրավիճակը, պետք է հորդորեմ վերաբերելի խնդիրներով ծանրաբեռնել թեժ գիծը։ Թեժ գիծը սպասարկող մեր աշխատակիցները կապ են պահելու բոլոր համապատասխան մարմինների հետ, այդ թվում՝ հիվանդանոցի, պոլիկլինիկայի, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի, ոստիկանության եւ այլն։ Նշանակվել են պատասխանատուներ քաղաքի ախտահանման եւ կոմունալ ծառայությունների իրականացման ուղղությամբ»,- ասել է նա։
Նրա խոսքով` դեռեւս երեկվանից մեր վերահսկողության տակ է հանրային տրանսպորտի ախտահանման գործընթացը։
«Մենք հրապարակեցինք տեսանյութ, որտեղ երեւում է, որ թե Էջմիածնից դեպի Երեւան դուրս գալուց առաջ, թե Երեւանում Էջմիածին ուղեւորվելուց առաջ հանրային տրանսպորտային միջոցները ախտահանվում են շատ մանրակրկիտ, վարորդներն աշխատում են ձեռնոցներով, որպիսի հնարավորինս ավտանգ լինի դրանցից օգտվելը։
Այսօր նաեւ աշխատանք է տարվել քաղաքում գործող ռեստորանների, հարսանյաց սրահների եւ առհասարակ այն վայրերի հետ, որտեղ բազմամաբարդ միջոցառումեր են անցկացվում։ Պայմանավորվածություն ունենք բոլոր ռեստորանների եւ հարսանյաց սրահների հետ, որ վաղվանից չեղարկվելու են բոլոր առիթները։ Միեւնույն ժամանակ բոլոր այն ռեստորաներում, որտեղ մեծ հավաքներ չեն իրականացվում, հորդորել ենք աշխատել միայն առաքման ծառայությամբ, ընդ որում՝ առաքիչները լինելու են համապատասխան դիմակներով, ձեռնոցներով, ախտահանվելու են թե սնունդը տալուց առա, թե դրանից հետո։ Հիմնական մասին հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, մի քանիսը կամավոր փակվել են»,- ասել է նա։
Քաղաքապետը քաղաքացիներին խիստ հորդորել է եմ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում գալ քաղաքապետարան. «Հատկապես կարեւոր է, որպիսի 60-անց մարդիկ մնան տանը։ Քաղաքապետարանը 60 եւ ավելի տարիք ունեցող ծառայողներին ազատում է աշխատանքի գալու պարտականությունից։ Ամեն բաժնից, շփումները նվազեցնելու նպատակով, առավելագույնը 2-3 աշխատակից է ներկա լինելու քաղաքապետարանում։ Վաղն առավոտյան կսահմանվի համապատասխան հերթապահություն: Փակ են համայնքապատկան բոլոր ՀՈԱԿ-ները՝ մանկապարտեզները, նախակրթարանները, երաժշտական դպրոցները, սպորտդպրոցը, թանգարաներն ու գրադարանները»։