Էջմիածնի 27 ելքերից բաց կմնան միայն երեքը. Մնացածը փակ կլինեն. Նիկոլ Փաշինյանի երեկվա Լայվից հատված (Տեսանյութ)
Պետք է խնդրենք էջմիածինցիներին, որպեսզի ժամը 23.00-ից քաղաքից առկա 27 ելքերից օգտվեն միայն 3-ից, մնացածը կփակվեն։ Այս մասին երեկ՝ մարտի 15-ին, ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք տեղում ջերմաչափում կանենք, եւ նրանք, որոնք ջերմություն կունենան կխնդրենք ինքնամեկուսացում անել։
Առաջինը Վաղարշապատ-Երեւան ճանապարհն է, որտեղ կլինի բուժկետ եւ ոստիկանական կետ։ Երկրորդը Վաղարշապատ-Աշտարակ ճանապարհն է եւ երրորդը՝ Վաղարշապատ-Մասիս ճանապարհը։ Մնացած բոլոր ճանապարհները փակ կլինեն։ Պայմանը հետեւյալն է. տեղում ջերմաչափում կիրականացվի, ով ջերմություն կունենա, կխնդրենք ինքնամեկուսացվել»,-ասաց վարչապետը։
Նա հավելեց, որ առավոտից կլինեն քննարկումներ, թե ինչ այլ միջոցառումներ կան, որ պետք է կիրառվեն. «Այս պահին մեր տպավորությունն այն է, որ հավելյալ միջոցներ, այնուամենայնիվ, պետք է ձեռնարկենք։
Փաշինյանն անդրադարձավ H1N1 վիրուսի հետ համեմատություններին, որը Հայաստանում բռնկվել է երկու անգամ՝ 2009-ին եւ 2016-ին. «Այդ վիրուսից 2016-ին արձանագրվել է 30 մահ, իսկ 2009-ին լրիվ վիճկագրություն չի արձանագրվել, բայց մասնագետները նշում են, որ այդ վիրուսից Հայաստանում մահացել է շուրջ 50 քաղաքացի. «Այն ժամանակ այսպիսի աժիոտաժ չկան, պատճառն այն է, որ ինֆորմացիոն այսքան շատ չէր, սոցցանցերը ավելի պասիվ էին։ Գուցե համացանցի ազատության այն աստիճանը չկար, նաեւ խոսքի եւ մամուլի այնքան ազատություն չկար, որքան հիմա։ Այսօր մենք ավելի լավ վիճակում ենք գտնվում, ռիսկի գործի գոտում գտնվող ընդամենը 2 պացիենտ ունենք 67 եւ 70 տարեկան։ Նրանց ինքնազգացողությունը շատ լավ է»,-ասաց վարչապետը։
Ինչ վերաբերում է կարծիքներին, որ պետք էր Իրանից եւ Իտալիայից եկող բոլոր քաղաքացիներին մեկուսացնել, Փաշինյանն ասաց, որ այդ երկու երկրներից եկած քաղաքացիներից, որոնք հարյուրավոր են, մենք ունեցել ենք ընդամենը 5-6 վարակվածության դեպք. «Մեր որոշումը եղել է, որ մենք ըստ բժշկական ցուցման պետք է իրականացնենք մեկուսացումը, ոչ թե ուղղակի ըստ ծագման երկրի։ Եթե այն ժամանակ սկսեինք համատարած մեկուսացում, մենք հասկանում ենք, որ մեկուսացման ներուժն անվերջ չէ, չէինք կարող բոլորին մեկուսացնել ինչ որ պայմաններում։ Եթե մենք այդպես վարվեինք, վաղը Իտալիայից ժամանող 150 քաղաքացիներին մեկուսացնելու տեղ չէինք ունենա։ Այսինքն ստիպված էինք լինելու նրանց մեկուսացնել իրենց տներում։
Հետևաբար, էլի ով բարեխիղճ կգտնվեր, ինքնամեկուսացումը կպահպաներ, իսկ ով դա չէր պահպանի, մենք ավելի վատ վիճակում կլինեինք, մեր մեկուսացման հնարավորություններն ավելի պակաս կլինեին։