Արտակարգ դրության հայտարարումն անխուսափելի է թվում. «Ոչ» քարոզչության կողմ
«Ոչ» քարոզչության կողմը ձևավորած իրավաբանների նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ իրենք շարունակելու են ապրիլի 5-ի հանրաքվեի գործընթացի նկատմամբ վերահսկողական պատշաճ գործիքակազմ ձևավորելուն, ինչպես նաև «այո»-ն բացառող տիրույթում հանրությանն ասելիք ունեցող ուժերին հարթակներ տրամադրելուն ուղղված իրենց հանձնառության կենսագործումը, քանի դեռ արտակարգ դրություն երկրում հայտարարված չէ.
«Հարգելի՛ քաղաքացիներ, նոր կորոնավիրուսի հարուցած համաճարակային վտանգները վերջին օրերին գնալով ավելի ակնհայտ էին դառնում։ Սակայն մենք միտումնավոր որևէ կերպ հրապարակավ չէինք անդրադառնում այդ հույժ կարևոր հարցին, քանի որ մեր ցանկացած անդրադարձ կարող էր ողջամտորեն ընկալվել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի քարոզարշավի համատեքստում՝ առիթ տալով շահարկումների։
Սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ բոլորիս սպառնացող վտանգներն արդյունավետ կառավարելու համար արտակարգ դրության հայտարարումն անխուսափելի է թվում։ Այդ կապակցությամբ հայտարարում ենք.
1) Մենք շարունակելու ենք հանրաքվեի գործընթացի նկատմամբ վերահսկողական պատշաճ գործիքակազմ ձևավորելուն, ինչպես նաև «այո»-ն բացառող տիրույթում հանրությանն ասելիք ունեցող ուժերին հարթակներ տրամադրելուն ուղղված մեր հանձնառության կենսագործումը, քանի դեռ արտակարգ դրություն հայտարարված չէ։
2) Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու՝ քաղաքական իշխանության նախաձեռնած ողջ գործընթացը որակել և որակում ենք որպես հակասահմանադրական, ուստի պետական շահի տեսանկյունից ողջամիտ կլիներ չեղարկել հանրաքվեն։ Այնուհանդերձ մենք պատրաստ ենք քննարկել նաև դրա հնարավոր հետաձգման հետևանքով առաջացող կազմակերպական և իրավական հարցերը»։