Թրամփը հանձնել է կորոնավիրուսի թեստ․ արդյունքը բացասական էր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի վարակվել կորոնավիրուսով․ նրա թեստի արդյունքը բացասական էր, հայտնել է Սպիտակ տան բժիշկը, հաղորդում է BBC News-ը։
«Երեկոյան ես ստացել եմ հաստատում, որ թեստը բացասական էր»,-նշված է բժիշկ Շոն Քոնլիի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ֆլորիդայում Թրամփը հանդիպել էր բրազիլական պատվիրակության հետ, որի անդամներից մի քանիսը վարակված էին կորոնավիրուսով։
Նրանցից էր նաեւ Բրազիլիայի նախագահի խորհրդական Ֆաբիո Վայնգարթենը։
«Մար-ա-Լագոյում բրազիլական պատվիրակության հետ ճաշից մեկ շաբաթ անց նախագահի մոտ չեն նկատվել ախտանշաններ»,-նշել է բժիշկը։
ԱՄՆ 73-ամյա նախագահը չէր ինքնամեկուսացվել հանդիպումից հետո՝ հայտարարելով, որ նա չունի որեւէ ախտանշան։
Սակայն Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսից հետո նա հանձնել է կորոնավիրուսի թեստ։