Լևոն Արոնյանի կինը վթարի է ենթարկվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (Լուսանկարներ)
Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբի փրկարարները, ովքեր գրեթե մեկ ժամ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել են վարորդին ավտոմեքենայից դուրս բերել:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխելը վիրավորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորութմամբ:
Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է ծառայողական վկայական՝ Արիաննե Կաուլիի անունով: Գ. Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածը հենց ինքն է՝ Արիաննե Կաուլին, որը Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի Աշխարհի Գավաթակիր Լևոն Արոնյանի կինն է: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով, քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի։