Հաքերները որոշել են օգտվել կորոնավիրուսի հանդեպ վախից եւ խուճապից
Հաքերները որոշել են օգտվել կորոնավիրուսի հանդեպ վախից եւ խուճապից եւ սկսել են հիպերհղումներ ուղարկել էլեկտրոնային հասցեներին: Այդ հղումները խոստանում են կորոնավիրուսից արագ բուժում: Սակայն դրանց հետեւում իրականում կանգնած են հաքերները, որոնք օգտվում են ամբողջ աշխարհում մարդկանց վախերից ու խուճապից, հաղորդում է BBC-ը:
Կիբեռանվտանգության ոլորտի մասնագետները նշում են, որ նման հաղորդագրությունները կտրուկ աճել են: Նրանց գնահատմամբ՝ նման տեսակի ֆիշինգ դեռ չէր եղել:
Հանցագործները հաղորդագրություններ են ուղարկում անգլերենով, ֆրանսերենով, իտալերենով եւ թուրքերենով:
Նման հաղորդագրություններից որոշներում կոչ է արվում գումար նվիրաբերել պատվաստանյութ ստեղծելու համար, ընդ որում, առաջարկվում է գումարը փոխանցել Bitcoin կրիպտոարժույթով:
Կասպերսկի ընկերության փորձագետներն ասել են, որ նրանց հաջողվել է հայտնաբերել գրեթե 3000 վնասակար ծրագրեր, որոնցում հիշատակվում է «կորոնավիրուս» բառը:
Նրանց կարծիքով՝ դա հանցավոր արշավի միայն սկիզբն է, որը կաճի կորոնավիրուսի պանդեմիայի տարածմանը զուգահեռ: