Խամենեին չի բացառել, որ կորոնավիրուսի նոր տեսակը կարող է «կենսաբանական հարձակում» լինել
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին չի բացառել, որ նոր տեսակի կորոնավիրուսը կարող է «կենսաբանական հարձակում» լինել:
«Քանի որ կան որոշ ապացույցներ առ այն, որ այս միջադեպը կարող է «կենսաբանական հարձակում» լինել, միջոցներ (կորոնավիրուսի դեմ պայքարի) կարող են լինել կենսաբանական պաշտպանության զորավարժությունները, որոնք կբարձրացնեն ազգային հզորությունը ու երկրի ուժը»,- նշվում է Խամենեի` Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաքերին ուղղված հրամանագրում, փոխանցում է Press TV-ն:
Նա նաեւ ընդգծել է «առողջապահության եւ բուժման բազայի» ստեղծման անհրաժեշտությունը` երկրում կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար:
«Դաշտային հոսպիտալների ու հիվանդանոցների նման հաստատություններին զուգահեռ դուք պետք է նաեւ կենտրոնանաք անհրաժեշտ միջոցների կիրառմամբ հիվանդության հետագա տարածումը կանխելու վրա»,- նշել է նա: