Հիմնադրամը խախտել է օրենքը եւ իր անվան մեջ օգտագործում է Ալեքսանդր Սպենդիարյանի անունը. հայտարարություն
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարության մեջ ասվում է. «Հարգելի գործընկերներ,
Հայտնում ենք, որ «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի» աջակցման հիմնադրամի, այսուհետ՝ հիմնադրամ, կողմից 21.03.2018 հրապարակված 2017 թվականի գործունեության հաշվետվության մեջ նշված է, որ հիմնադրամը 10.003.000 ՀՀ դրամ է ծախսել «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի նվագախմբի փորձասենյակի, մեներգիչների հանդերձարանների, բալետային արտիստների դահլիճների, թատրոնի ճեմասրահի, ծառայողական տարածքների եւ օպերային թատրոնի սանհանգույցների վերանորոգման վրա:
«Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի հաշվապահական հաշվառման կամ այլ փաստաթղթերում չկան «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի» աջակցման հիմնադրամի միջոցներով կամ նրա կողմից համապատասխան վերանորոգումների վերաբերյալ տվյալներ:
Հիմնադրամը խախտելով «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներն իր անվան մեջ օգտագործում է Ալեքսանդր Սպենդիարյանի անունը:
Հիմնադրամը խախտելով «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահաջները՝ որպես իր ապրանքային նշան օգտագործում է «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի» շենքի պատկերը:
Վերոգրյալից ելնելով՝ խնդրում ենք «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանն օժանդակելու նպատակով միջոցներ չտրամադրել «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի» աջակցման հիմնադրամին: