CNN. Թրամփը մտահոգված է կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ շփվելու պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերձավոր շրջապատին խոստովանել է, որ իրականում մտահոգված է կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ շփումների պատճառով, ներառյալ բրազիլացի պաշտոնյան, ում մոտ վիրուսը հաստատվել էր անցյալ շաբաթ Թրամփի հետ հանդիպումից հետո, հայտնում է CNN-ն՝ վկայակոչելով Դոնալդ Թրամփին մերձ աղբյուրին:
«Նա անչափ մտահոգված է այն բոլոր մարդկանց հետ շփումների պատճառով, ում հետ հանդիպել է, ներառյալ բրազիլացին»,- ասել է աղբյուրը:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի մամուլի քարտուղար Ֆաբիո Վայնգարտենի մոտ կորոնավիրուսը հաստատվել է: Ինքը՝ Բրազիլիայի նախագահը թեստ է հանձնել, որի արդյունքների մասին հայտարարվելու է այսօր՝ մարտի 13-ին: Բոլսոնարոյի օգնականը լուսանկար է հրապարակել, որում անցած հանգստյան օրերին Մար ա Լագոյում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կանգնած է Թրամփի եւ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի կողքին:
Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ վարակվելու հնարավորությունից չի մտահոգվում:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշամը ավելի ուշ հրապարակված հայտարարության մեջ նշել էր. «Ե՛վ նախագահը, ե՛ւ փոխնախագահը գրեթե չեն փոխգործակցել մարդու հետ, ում մոտ կորոնավիրուսը հաստատվել է, եւ ներկայումս թեստ անցկացնելու անհրաժեշտություն չկա»:
Մինչդեռ մյուս պետական պաշտոնյաները, որոնք Վայնգարտենի հետ փոխգործակցել էին, որոշել են ինքնուրույն կարանտինի մեջ մնալ, ներառյալ Ֆլորիդա նահանգից հանրապետական սենատոր Ռիկ Սքոթը: Թրամփի մերձավոր դաշնակից, հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հետեւել է Սքոթի օրինակին: