Օդային սահմանը փակելով կարծում եք բոլոր խնդիրները կլուծվե՞ն. Տաթևիկ Ռևազյան
Օդային սահմանը փակելով կարծում եք բոլոր խնդիրներ կլուծվե՞ն, դա կարող է խնդիրը լրջացնել, որովհետեւ նույն այս ուղեւորները, որ գալիս են եւ եկել են վարակված, եթե իրենք գային տրանզիտով՝ ավելի բարդ կլիներ իրավիճակը։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը։
Նշենք, որ կիրակի օրը սպասում է չարտերային չվերթ, ինչի վերաբերյալ Ռեւազյանն ասաց, որ օդանավակայանի տարածքում այդ ուղեւորները տարանջատված կլինեն մյուս ուղեւորներից.
«Մենք կազմակերպչական փուլում ենք։ Ջերմորեն աշխատում ենք Արտգործնախարարության եւ Առողջապահության նախարարության հետ, որ հասկանանք վերջնական քանակը, ինչպես են իրենք խմբավորված։ Եվ հասկանանք, թե ինչպես կազմակերպենք չվերթը, որ նվազեցնենք հավանականությունը վարակի տարածման։ Զբոսաշրջիկներ են, ուսանողներ են, այնտեղ բնակվող հայեր կան»։
Հարցին՝ արդյոք ապահո՞վ կլինի օդային սահմանը փակել մի քանի երկրների հետ, Ռեւազյանն ասաց.
«Օդային սահմանը փակելով՝ կարծում եք թե բոլոր խնդիրներ կլուծվե՞ն, բայց ես պարզ ասեմ, որ դա կարող է խնդիրը լրջացնել, որովհետեւ նույն այս ուղեւորները, որ գալիս են եւ եկել են վարակված, եթե իրենք գային տրանզիտով՝ ավելի բարդ կլիներ իրավիճակը։ Ունենք ուղիղ չվերթ, կարող ենք կոնկրետ միջոցառումներ կազմակերպել օդանավակայանում, որ իրենք տարանջատված լինեն մյուս ուղեւորներից»։
Անդրադառնալով հայկական ավիաընկերություններից «Արմենիայի» տարածած այն հաղորդագրությանը, որ որոշ չվերթներ կասեցնում է, Ռեւազյանն ասաց, որ դա պայմանավորված է ուղեւորների հոսքի նվազմամբ. «Հիմնականում ավիաընկերությունների նման որոշումը պայմանավորված չէ կորոնավիրուսի վտանգով, դա կոմերցիոն հարց է, այսինքն՝ տեսնում են, որ մարդիկ սկսում են քիչ ճանապարհորդել ու իրենց համար արդյունավետ չէ այդ չվերթն իրականացնելը։ Եվրոպայում էլ եթե չվերթները չեղարկվում են, ուրեմն ձեռնտու չէ իրենց համար»։
Հարցին՝ Քաղավիացիայի կոմիտեն կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված կրե՞լ է վնասներ, եւ ինչպիսի՞ հետեւանքներ կունենա դա կոմիտեի գործունեության վրա, Ռեւազյանը պատասխանեց, որ վնասների մասին առայժմ վաղ է խոսելը. «Դեռ վաղ է ասել, թե կոմիտեն ինչ վնասներ է կրելու, բայց այսպիսի բան երբեւէ չի եղել ամբողջ աշխարհում։ Սենց հոսքի նվազում երբեւէ չի եղել։ Ասեմ, որ այլ պետություններն ավելի մեծ վնասներ են կրել, քան մենք։ Ուղեւորահոսքը նվազել է։ Դա ավիաընկերությունների եւ ուղեւորների որոշումն է, եթե ուղեւորները ցանկանան ճանապարհորդել, ավիաընկերությունները հաստատ կբացվեն»։