Նավթի գներն «էլ ավելի» կնվազեն. փորձագետ
Նավթի գներն «էլ ավելի» կնվազեն, կարծում է Զորջ Բուշ կրտսեր վարչակազմին կից էներգետիկայի հարցերով նախկին խորհրդական, Rapidan Energy Group նավթային խորհրդատվական ընկերության հիմնադիր Բոբ ՄաքՆալին:
Ըստ նրա` չնայած ցնցումներին շուկայում եւ դրա հետ կապված կորուստներին, Սաուդյան Արաբիան միակողմանի կարգով արդյունահանումը չի կրճատի: «Նավթի գները շատ ավելի ցածր կլինեն», - ասել է ՄաքՆալին CNBC-ին տված հարցազրույցում: «Այստեղ կարեւոր է ազգային հեղինակությունը, պատիվը եւ քաղաքական ուժը: Եվ քաղաքական առաջնորդները զոհաբերությունների են պատրաստ պատերազմում, եթե կարծում են, որ իրենք ավելի բարձր եւ ավելի կարեւոր նպատակ են հետապնդում»,- նշել է նա:
Ըստ նրա կանխատեսումների` նավթի գները կնվազեն այնքան ժամանակ, մինչեւ «քաղաքական եւ ֆինանսական ցավ» պատճառվի Սաուդյան Արաբիային կամ Ռուսաստանին, կամ եթե արտադրությունը Հյուսիսային Ամերիկայում զգալիորեն կրճատվի:
Հինգշաբթի կեսօրին Brent տեսակի նավթի ասիական ֆյուչերսները վաճառվում էին բարելի դիմաց շուրջ 34.45 դոլարով, իսկ West Texas Intermediate ամերիկյան նավթի ֆյուչերսները` բարելի դիմաց 31.66 դոլարով:
«Այն, ինչ ավելի վնասակար, ավելի վտանգավոր է դարձնում, քան այն ամենը, ինչ մենք տեսել ենք, առաջարկության աճն է: Առաջարկության շոկը համընկնում է պահանջարկի իսկական աղետալի անկման հետ»,- ասել է ՄաքՆալին:
ՄակՆալիի խոսքով` քանի որ ամերիկյան թերթաքարային արդյունաբերությունը նավթային արդյունաբերության մեջ քաոսի պատանդն է դարձել, Միացյալ Նահանգները, ամենայն հավանականությամբ, ավելի կոշտ դիրքորոշում կցուցաբերեն Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի նրան ստիպեն վերադառնալ Սաուդյան Արաբիայի հետ բանակցություններին:
Սա կարող է նշանակել Ռուսաստանի «Ռոսնեֆտ» պետական նավթային ընկերության նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ նշանակել, ինչը կստիպի Ռուսաստանի նախագահին նստել սաուդցիների հետ բանակցությունների սեղանի շուրջ: