ԱՄՆ 75 ներկայացուցիչ Կոնգրեսին կոչ է անում աջակցել 2021-ին Հայաստանին եւ Արցախին տրամադրվելիք օգնության չափի մեծացմանը
ԱՄՆ 75 ներկայացուցիչ Կոնգրեսին կոչ է անում աջակցել 2021-ին Հայաստանին եւ Արցախին տրամադրվելիք օգնության չափի մեծացմանը: Համապատասխան նամակը ստորագրել է ԱՄՆ 23 նահանգներից 75 կոնգրեսական, հաղորդում է Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն:
Նշվում է, որ նամակն ուղարկվել է ԱՄՆ պետական եւ արտասահմանյան օպերացիաների հարցով ենթակոմիտեի ներկայացուցիչներին:
Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ նամակը նպատակ ունի նպաստել Արցախի եւ Հայաստանի աջակցության փաթեթին, որը ներդրում է խաղաղության եւ ժողովրդավարության մեջ:
Նամակը ներառում է հետեւյալ հարցադրումները՝
- տրամադրել 1,5 մլն դոլար Արցախում ականազերծման համար եւ ցամաքային ականներից տուժած եւ ֆիզիկական ու կոգնիտիվ խախտումներով անձանց համար տարածաշրջանային վերականգնողական ծառայությունների ֆինանսավորում;
- տրամադրել 100 մլն դոլար Հայաստանի տնտեսության, կառավարման, օրենքի գերակայության եւ անվտանգության համար՝ Պետդեպարտամենտի եւ USAID-ի գծով;
- Պետդեպարտամենտի եւ USAID-ի կողմից ԱՄՆ ուղեւորության ցանկացած պաշտոնական կամ ոչ պաշտոնական սահմանափակումների, Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ շփման սահմանափակումների չեղարկում,
- ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցության դադարեցում, քանի դեռ չի հաստատվել, որ Բաքուն դադարեցրել է Հայաստանի եւ Արցախի նկատմամբ իր բոլոր ագրեսիվ գործողությունները: