Էջմիածնի դպրոցի բուժքրոջը տուն են ուղարկել. նա մասնակցել էր նշանդրեքին, որին ներկա էր կորոնավիրուսով հիվանդը
Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի բուժքույր Արևիկ Հովհաննիսյանը մարտի 8–ին ներկա է եղել նշանադրութան արարողությանը, որին մասնակցել է նախօրեին կորոնավիրուսով ախտորոշված 45–ամյա տղամարդը։
Դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ այսօր առավոտյան բուժքրոջը տուն է ուղարկել։
«Ունենք երկու բուժքույր, այն բուժքույրը, որը ներկա է եղել նշանադրության արարողությանը, իրեն տուն եմ ուղարկել, եկել էր, հենց մուտքից հետ եմ ուղարկել»,– ասաց նա։
Այնուամենայնիվ, նշանդրեքին մասնակցելուց հետո երեք օր բուժքույրը դպրոց է գնացել, շփվել աշակերտների և աշխատակիցների հետ։
«Ոչ ինքն է տեղյակ եղել, ոչ մենք։ Բնականաբար, հիմա անհանգստանալու առիթ ունենք»,– ասաց տնօրենը։
Վաղարշապատի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Աստղիկ Հարությունը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենց դպրոցի երկու աշակերտ, որոնք նույնպես մասնակցել են նշանդրեքին, այսօր առավոտյան դասի էին եկել, նրանց տուն են ուղարկել։
Նշենք, որ նախօրեին Հայաստանում կորոնավիրուսի ևս 3 նոր դեպք է հաստատվել, վարակվածների թիվն ընդհանուր առմամբ 4-ն է։ Այժմ դեռ պարզվում է նրանց շփումների շրջանակը։ Վարակվածների վիճակը լավ է, միայն 45–ամյա տղամարդու մոտ թոքաբորբ է ախտորոշվել։
Ավելի ուշ ինքը բուժքույրը ևս News.am լրատվականին պարզաբանումներ է տվել այս առնչությամբ:
Ըստ բուժքույր Արևիկ Հովհաննիսյանի՝ Վաղարշապատի բնակիչը, որի մոտ նախօրեին հաստատվել է կորոնավիրուս, մարտի 8-ին ներկա է եղել որդու նշանադրության արարողությանը։
«36 հոգի էինք, մեծ նշանդրեք չի եղել։ Մենք մասնակցել ենք աղջկա կողմից, վարակվածը տղայի հայրն է, թոքաբորբ ունի։ Նշանդրեքի օրն իրեն շատ լավ էր զգում, միայն երեկ է վատացել ինքնազգացողությունը, ստուգել են, հայտնաբերվել է վարակը»,– ասաց նա։
Արևիկ Հովհաննիսյանը հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքի անդամները մեկուսացված են, ցուցում են ստացել տնից դուրս չգալ։
«Առավոտյան եկել են մեր տուն, տան անդամների ջերմությունը չափել են, բոլորինս նորմալ է, գանգատներ չունենք այս պահին, ուղղակի մեզ ասացին՝ 14 օր ոչ մեկի չշփվեք, դուրս չգաք, աշխատանքի չգնաք, երեխեքն էլ՝ դասի»,– ասել է նա։
Արևիկ Հովհաննիսյանն աշխատում է դպրոցում որպես բուժքույր։ Մինչև այս նա հաճախել է աշխատանքի, միայն այսօր՝ լուրերը իմանալուց հետո, նրան տնօրինությունից տուն են ուղարկել։