Խոշոր հրդեհ Արցախում. զինվորների սիրելի «Օմարի լեռնանցք» ռեստորանը վերածվել է մոխրակույտի (Լուսանկարներ)
Արցախի Հանրապետությունում մարտի 9-ին խոշոր հրդեհի դեպք է տեղի ունեցել. դեռևս անհայտ հանգամանքներում՝ գիշերը՝ ժամը 01:00-ից 01:30-ն ընկած ժամանակահատվածում, հրդեհ է բռնկվել Քարվաճառի վարչական տարածքում գործող «Օմարի լեռնանցք» ռեստորանային համալիրում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրդեհի մասին քաղաքացիներն ահազանգել են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և միայն 2 ժամ անց են հրշեջները ժամանել դեպքի վայր, իսկ մինչ այդ քաղաքացիներն իրենց ուժերով փորձել են կրակի դեմն առնել, սակայն անզոր են եղել:
Հրշեջների ժամանումից հետո մարել են կրակը, սակայն ռեստորանային համալիրը վերածվել է մոխրակույտի:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դեռևս պարզվում է, սակայն վարկածներից մեկը էլեկտրական լարերի կարճ միացման պատճառն է եղել: Աղբյուրի տեղեկություններով՝ ռեստորանային համալիրի սեփականատեր Սուսաննա Առուստամյանը կրել է մոտ 50 մլն դրամի վնաս և ռեստորանում աշխատող 12 աշխատակիցները այս պահին մնացել են անգործ:
Ռեստորանային համալիրում ամեն ինչ հիշեցնում էր փայտե քանդակների մի հրաշք ու գողտրիկ աշխարհ: Ամեն ինչը կատարված էր ձեռքի աշխատանքով: