Նիկոլ Աղբալյանի դպրոցում Իտալիայից վերադարձած երկու աշակերտի տուն են ուղարկել
Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոցի տնօրինությունը երկուշաբթի երկու աշակերտի տուն է ուղարկել, քանի որ նրանք վերջին շրջանում եղել են Իտալիայում, որտեղ կորոնավիրուսը մեծ տարածում է գտել։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է տնօրենի ժամանակավոր պաշտանակատար Արմինե Գրիգորյանը։
«Երեխաները եկել են դպրոց, մենք ճշտել ենք, որ իրենք մարտի 3-ին օդանավակայանում հսկողության տակ են վերցված եղել, բուժկետում ստուգել ենք, նույնիսկ ջերմություն էլ չեն ունեցել, տուն ենք ուղարկել»,– ասաց Արմինե Գրիգորյանը՝ նշելով, որ աշակերտները դասի կվերադառնան 14 օր անց՝ հաշված Իտալիայից վերադառնալու օրվանից։
Տնօրենի պաշտոնակատարը նշեց, որ աշակերտները քույր եւ եղբայր են, սովորում են 7-րդ եւ 9-րդ դասարաններում, նրանք այս պահին իրենց լավ են զգում։
«Երեխաները նորմալ են, տանն են, անընդհատ կապ ենք հաստատում ծնողի հետ, իրենց լավ են զգում, առայժմ խնդիր չկա»,– նշեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։
Նշենք, որ դպրոցներում գարնանային արձակուրդից հետո դասապրոցեսը վերսկսվել է մարտի 9-ից։
Հայաստանում կորոնավիրուսով 4 վարակված անձ կա։ Նրանք մեկուսացվել են։
Կորոնավիրուսով աշխարհում վարակվել է 121,578 անձ, մահացել 4,382–ը, ապաքինվել 66,941։ Չինաստանից սկիզբ առած COVID19-ն արդեն տարածվել է աշխարհի շուրջ 80 երկրում։ Եվրոպայում վարակվածների ամենամեծ թիվը Իտալիայում է՝ 10,149 վարակված, 631 մահացած։